Մեր երկրի պաշտպանությունը միայն մեր ժողովրդի մի հատվածը չէ, որ պետք է իրականացնի, իսկ ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում «զարթնիր, լաո» գոռալով ման գան

«Ես կարծում եմ, որ եռամսյա հավաքներին ծանուցագրեր ստանում են բոլորը, և ենթադրում եմ, որ նրանց մեջ կլինեն նաև «Դիմադրություն» շարժման անդամներ, որոնց շարքերում կան հատուկ նշանակության ստորաբաժանմանը համապատասխանող ֆիզիկական տվյալներ ունեցող շատ երիտասարդներ։ Եվ խնդիրն այսպես էր՝ ովքեր նմանատիպ խնդիրներին մասնակցություն չեն ունեցել, պետք է անպայման մեր մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ իրենց ներկայությունը լինի, առավել ևս, եթե «Դիմադրություն» շարժման նպատակը Արցախի և մեր երկրի անվտանգությանն էր առնչվում, բնականաբար, առանց մեր քննարկումների պետք է իրենք ներկայանային զինկոմիսարիատ և իրենց մասնակցությունն առաջարկեին մեր պաշտպանական համակարգի համապատասխան կառույցներին»,- այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Այն դիտարկմանը, որ ընդդիմադիր մամուլը գրում է, թե այս ծանուցագրերը հատկապես ուղարկվել են ընդդիմադիր ակտիվիստներին, քանի որ իշխանությունները վախենում են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հազարներով ծանուցագրեր են գնում, և որևէ մտահոգություն չի առաջանում ծանուցագիր ստացող մեր հայորդիների և նրանց ընտանիքների մոտ, բայց այդպիսի անհանգստություն, չգիտես ինչու, արձանագրեց «Հրապարակ» թերթը։

«Ես շատ լավ հասկանում եմ, թե այս անհանգստության աղբյուրն ինչի հետ է կապված, որովհետև իրենք կորցնում են մի ռեսուրս, որը պետք է լինի նաև պետության պաշտպանության ռեսուրս։ Իրենք կորցնում են իրենց դիմադրության ռեսուրսը, բայց դիմադրության խնդիրները կապված են մեր երկրի անվտանգության հետ։ Եվ եթե իրենք ուզում էին հաջողեին, այլ ոչ թե, ինչպես կասեր իրենց առաջնորդը՝ մաշեին, նրանք պետք է մեր երկրի պետական խնդիրների մասնակցությանը պատրաստ լինեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ ընդդիմադիրները պետք է պատրաստ լինեին նաև այսօրվա խնդիրներին, որտեղ իրենք բացակայեցին, որն առնչվում էր իրենց, իրենց աշխատանքի չներկայանալուն, իրենք, որպես ընդդիմության դաշտը զբաղեցնող իշխանական թևի համակարգ, չկային։

«Եվ դա չի նշանակում, որ մեր երկրի պաշտպանությունը պետք է իրականացնի մեր ժողովրդի մի հատվածը, իսկ իրենք Ֆրանսիայի հրապարակում «զարթնիր, լաո» գոռալով ման գան։ Լաոն արթնացել է, և լաոն պաշտպանում է մեր երկրի սահմանները։ Այ ուրիշ բան, որ իրենք լաոյի անվան տակ դեռ քնած են մնում։ Իմ ասածը դա է եղել։ Եվ թող չանհանգստանան, առավել ևս, ինչխես տեսնում եք՝ ինչպիսի ֆիզիկական պատրաստված անձնակազմ ունեն իրենց կողքին, իսկ դա գալիս է շատ վաղուց։ Եվ կասկածներ կային, որ այդպիսի ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդիկ ժամանակին խուսափել են ծառայությունից։ Եվ եթե հիմա այդ խնդիրն ուսումնասիրվել է, և ծանուցագրեր են գնացել, թող չանհանգստանան, դա միայն պատվաբեր է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ի հավելումն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց զավակներին վաղուց հանել են Հայաստանից, բայց խոսում են մեր երկրի սահմանների անպաշտպան լինելու մասին։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մայիսի սկզբին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հետևյալը. «Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարություն, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում նրանց ներգրավելու նպատակով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ