![]()
1999թ. Քոչարյանը, «Մեղրիի տարբերակ» քննարկելով, հայոց բանակցային գործընթացում աննախադեպ բան արձանագրեց՝ անպատկերացնելի ձևով իջեցնելով հայկական կողմի բանակցային նշաձողը, ինչը երբեք չեն արել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի ու Արցախի անունից գաղտագողի Քոչարյանը համաձայնել էր Մեղրին Լաչինի դիմաց փոխանակելու միջոցով Արցախը Հայաստանին միացնել, իհարկե՝ մյուս 6 շրջանները վերադարձնելով Ադրբեջանին, որի արդյունքում Հայաստանը կորցնում էր Սյունիքը և Իրանի հետ սահմանը։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Քոչարյանը պաշտոնապես վերջին անգամ դրան համաձայնություն էր տվել Երևան ժամանած ամերիկյան միջնորդական առաքելությանը, սակայն ԱԺ-ում կազմակերպված սպանությունը կանխում է դա, իսկ Քոչարյանն ու Ալիևը Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում չեն ստորագրում կարգավորման այդ տարբերակը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի անկայունացման պատճառով…
2000-ին Հայաստանում երկփեղկված իշխանությանը վերջ տալուց հետո Քոչարյանը շարունակում է նույն տրամաբանության մեջ բանակցությունները, սակայն այս անգամ տարածքների պարզ փոխանակության գաղափարի տրանսֆորմացմամբ՝ Լաչինի միջանցքի փոխարեն Սյունիքով Ադրբեջանին տալով Նախիջևանի հետ ցամաքային կապի «սուվերեն միջանցք», որն այդ տարածքի հանդեպ հաստատում էր Ադրբեջանի ինքնիշխան օգտագործման իրավունքը, այսինքն՝ Հայաստանը դրան խառնվել չէր կարող։ Քանի որ 1999թ. տարբերակի համեմատությամբ Ադրբեջանին չէր տրվում բացարձակ սուվերենություն, և Մեղրիի միջանցքը դե յուրե չէր անջատվում Հայաստանից, այլ տրվում էր միջանցքի սուվերեն օգտագործման, այսինքն՝ դե ֆակտո անջատում, Քոչարյանն ավելի շատ է զիջում Ադրբեջանին՝ համաձայնելով ադրբեջանցիների վերադարձին Շուշի ու այդ բերդաքաղաքի ադրբեջանական պատկանելությանը և նրա հետ կապվելու միջանցք՝ հենց Ֆիզուլի-Հադրութ գծով, ինչպես այժմ է, իսկ կարգավորման տեքստում տեղ է գտնում նաև Հայաստանի Տավուշի ու Ադրբեջանի Ղազախի շրջանների միջև սահմանների հստակեցումը Ադրբեջանի կողմից լքված գյուղերի վերադարձով ու սահմանի ճշգրտմամբ…
Սա Քիվեսթյան տարբերակն է։ Քի Վեսթում Քոչարյանը և Ալիևը դրան համաձայնում են, սակայն Բաքու վերադառնալով՝ Հեյդար Ալիևը հենց օդանավակայանում հայտարարում է, որ չի կարող դրան կողմ լինել։ Արդյունքում բանակցային պատմության մեջ մնում է այն փաստը, որ Հայաստանի համար նման տարբերակը կարող է երբևէ ընդունելի լինել, ինչը այժմ հիշել է պատերազմում հաղթած Ալիևը և փորձում է պարտված կողմի վրա տարատեսակ ճնշումներով հասնել դրան… Որովհետև ժամանակին ինչ-որ մեկը Հայաստանի անունից համաձայնել է, որ դա կարող է աշխատել… Եվ այդ ինչ-որ մեկը Քոչարյանն է…
Սակայն այսքանով չի ավարտվում բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի դիրքերին Քոչարյանի հասցրած վնասը։ Հակամարտությունների կարգավորման բազում տեսություններում կարգավորման մեթոդաբանության երեք խոշոր խումբ կա, որոնք միասին վերցրած կոչվում են «exit strategies»/«Ելքի ստրատեգիաներ»։ Առաջինը խումբը կոչվում «ինքնավարություն», երբ կողմերը քննարկում են անջատողական տարածքի ինքնավարության մակարդակի բարձրացումը և մակարդակը։ Արցախի համար դա արվել է 1997թ.՝ փաթեթային տարբերակով, որը մերժել ենք մենք՝ Ստեփանակերտը և Երևանը։ Դրան հաջորդող երկրորդ մոդելը «Ընդհանուր պետությունն» է, երբ կողմերը քննարկում են՝ արդյոք հակամարտության կողմերը կարո՞ղ են կազմել ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա…
Եթե դա էլ մերժվում է (իսկ դա մերժվեց Ադրբեջանի կողմից), միջնորդների ֆասիլիտացիայով անցնում են երրորդ ստրատեգիային՝ «քաղաքակիրթ ապահարզան»-ին. այս տարբերակի դեպքում կողմերը «բաժանվում են» կա՛մ երկուստեք համաձայնությամբ՝ ինչպես Չեխիան ու Սլովակիան, իսկ եթե դա չի ստացվում, դիմադրող ու անհամաձայն կողմի համառությունը հաղթահարելով, ինչպես Կոսովոյի դեպքում՝ միակողմանի ճանաչումով։ Եթե մի պահ անգամ ընդունենք, որ Քոչարյանը Արցախի նախագահի, ապա Հայաստանի նախագահի կարգավիճակներում այդ երեք փուլերին մասնակցել է, մի կողմ թողնենք, թե որքան է նա իջեցրել բանակցային նշաձողն ու ինչ հարված է հասցրել Արցախի ու Հայաստանի շահերին, այդ բոլոր փուլերից հետո նա առնվազն պետք է պնդեր, որ երեք ստրատեգիաներն էլ փորձարկվել են, և պետք է անցնել քաղաքակիրթ ապահարզանի, ավելի ստույգ՝ Կոսովոյի մոդելին…
Այսինքն՝ Ռ. Քոչարյանը, գիտակցված կամ տգիտությամբ պայմանավորված, չի պնդել նման դեպքերում անխուսափելի քայլը՝ «քաղաքակիրթ ապահարզանի» կամ «միակողմանի ճանաչման» վերջին տարբերակը, մանավանդ որ հենց նույն շրջանում՝ Սերբիայի դիմադրությունը հաղթահարելու համար միջազգային հանրության հովանու ներքո 2006-2007թթ. Կոսովոյի համար դիմում էին Հաագայի դատարան՝ պարզելու համար, թե միակողմանի ճանաչումը արդյոք հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ, իսկ 2008-ին արդեն սկսվելու էր շղթայական ճանաչումը ԱՄՆ գլխավորությամբ…
Ավելի վատ վատ բան է տեղի ունենում. Քոչարյանը բանակցում է Մադրիդյան առաջարկները, որով ճանաչվում է, որ ԼՂԻՄ-ի հարակից շրջանները «օկուպացված» են և ենթակա վերադարձի, դե ֆակտո խոտանվում է 1991թ. Արցախում կայացված անկախության հանրաքվեն, ու քաղաքական պարտավորություն է ստանձնվում նոր հանրաքվե անցկացնելու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ստանալու ու Արցախի կարգավիճակը ամրագրելու համար… Այսինքն՝ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախի՝ արդեն իսկ կայացած կամարտահայտությունը «խոցելի է», քանի որ Ադրբեջանը դրան համաձայն չէ, և այժմ պետք է նրա հետ պայմանավորվել նոր հանրաքվե անցկացնելու շուրջ, որին Ադրբեջանը պարտադիր պետք է համաձայն լինի… Կրկնում եմ՝ այս ողբերգությունը տեղի է ունենում այն շրջանում, երբ Սերբիան էլ Ադրբեջանի նման համաձայն չէր «ապահարզանին ու անջատմանը», սակայն միջազգային հանրությունը որոշել էր միջազգային իրավունքի շրջանակներում անտեսել Բելգրադի անհամաձայնությունը…
Մինչդեռ Արցախի խնդրի դեպքում Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ Արցախի կարգավիճակի ու նոր հանրաքվեի հարցը դրվում էր Ալիևի կամքի ու ցանկության տակ, առանց որի դա չես կարող անել, իսկ Արցախի հին կամարտահայտությունն էլ դե ֆակտո ու միջազգայնորեն չես ճանաչում… 2007թ. Քոչարյանի՝ պաշտոնապես ընդունած ու հավանության արժանացրած Մադրիդյան առաջարկները հենց սրա մասին էին։ Այս ամենի արդյունքում Քոչարյանի թողտվությամբ Հայաստանն ու Արցախը ոչ թե դուրս եկան անվերջ բանակցությունների արատավոր ցիկլից, այլ մեզ վերադարձրին ցիկլի սկիզբը՝ առաջին փուլին, «exit strategy»-ի առաջին մոդելին, երբ 2007-ին մեզ առաջարկվեց բանակցել 1997թ. փուլային կարգավորմանը տանող տարբերակին, քանի որ Ալիևը համաձայն չէր անկախ կարգավիճակին, Արցախի կարգավիճակի հարցում առավելագույնը համաձայն էր «լայն ինքնավարություն» տալ, նոր լոկալ հանրաքվեն տապալելու համար փոխեց Սահմանադրությունը՝ պարտադիր դարձնելով հանրաքվեների համապետական բնույթը, ու այսպես շարունակ…
Արդյունքում Մադրիդյան առաջարկություններն աստիճանաբար վերածվեցին 1997թ. Ընդհանուր պետության տարբերակից շատ ավելի վատ մոդելին, երբ Հայաստանը Ալիևից խաղաղություն էր «գնում» տարածքների վերադարձով, իսկ կարգավիճակի հարցը հետաձգվում ապագա (հետագայում դրա տրամաբանական շարունակությունը Կազանյան տարբերակը, Լավրովի պլանն էին…):
Իսկ թե ինչպիսի «ուժեղ» պետություն կառուցեց Քոչարյանը, երբ հենց իր պաշտոնավարման շրջանից Ադրբեջանի ռազմական բյուջեն ու ծախսերը սկսեցին թռիչքային աճել, իսկ 2006-07թթ. Բաքվի կողմից կնքվեցին առաջին միլիարդանոց պայմանագրերը սպառազինություններ ձեռք բերելու համար, դա առանձին խոսակցության թեմա է։ Քոչարյանի արտգործնախարարն էր, որ հայտարարում էր, թե Հայաստանը «100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման մեջ», ով նաև հայտարարում էր, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չի աշխատելու, քանի որ Բաքվի նավթի մեծ պաշարները բլեֆ են, և շուտով խողովակները դատարկ են մնալու։ Նրա օրոք էր, որ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության պայմանագրից (դրա համար ինքը չէ, որ մեղավոր է, իհարկե), որով մեր տարածաշրջանում այլևս միջազգային ինսպեկցիաների, քվոտաների հարցերը վերացան, բայց Հայաստանը պաշտոնապես տեսանելի ու իրենից կախված ջանքն էլ չգործադրեց այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլ անելու ու սպառազինությունների մրցավազքը կասեցնելու ուղղությամբ՝ տեսնելով, թե դեպի ուր է շարժվում Ադրբեջանը ու ունենալով Արցախյան պոտենցիալ թատերաբեմ…
Նրա օրոք էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հսկաները 2001թ. «գույք՝ պարտքի դիմաց» հանձնվեցին Ռուսաստանին, սակայն այդպես էլ չվերագործարկվեցին, և միայն 2016-ին Սերժ Սարգսյանի համար պարզ դարձավ, որ պատերազմի սպառնալիքի ներքո գտնվող երկիրն առանց սեփական ռազմարդյունաբերության չի կարող լինել, իսկ Ադրբեջանն արդեն ահագին առաջ է անցել…
Ու այս ամենն այն դեպքում, երբ 1998թ. պալատական հեղաշրջման նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին հակաճառել էր, թե Հայաստանը կարող է լինել Կովկասի Իսրայելը՝ Ռուսաստանի այնպիսի աջակցությամբ, ինչ Իսրայելն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ից, կամ որ Հայաստանը կարող է լինել Կովկասի ժանդարմն ու պահել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը…
![]()