![]()
Կառավարության հունիսի 30-ի նիստում որոշում է կայացվել Սյունիքի մարզի մի շարք տարածքների նկատմամբ Հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, կապված Հյուսիս-հարավ ավտոմայրուղու նախագծի իրականացման հետ: Այս նախագծի ընդհանրապես կարևորության, և մասնավորապես Սյունիքի մարզի համար դրա կարևորության, ըստ էության ողնաշարային նշանակության մասին խոսվել և խոսվում է շատ:
Դժբախտաբար, ծրագիրը Հայաստանում տարիներ շարունակ եղել է կառավարող նախկին համակարգի սնուցման մի աղբյուր, ենթարկվելով ամենատարբեր չարաշահումների, իսկ դրա իրականացման աշխատանքը սկսվել էր ոչ թե առանցքային նշանակություն ունեցող Սյունիքից, այլ Արարատից և Աշտարակից, որտեղ ճանապարհի թերևս այն հատվածներն էին, որոնցում աշխատանքը առավել դյուրին էր և համեմատության մեջ նվազ ժամանակատար: Այլ կերպ ասած, տարիներ շարունակ Հայաստանը բաց է թողել ժամանակ:
Ներկայումս խոսվում է այն մասին, որ Սյունիքի մարզում ճանապարհի կառուցման համար կարող է պահանջվել մոտ վեց տարի: Իհարկե կառավարության խնդիրն է անել առավելագույնը այդ ժամանակը կրճատելու համար, հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական իրողությունները, որ առկա են թե միջազգային ասպարեզում, թե ռեգիոնում: Այդ հանգամանքը սակայն Հայաստանից պահանջում է ոչ միայն Հյուսիս-հարավի, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում տնտեսական այլ խոշոր ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանք, ներգրավելով իհարկե թե միջազգային գործընկերների, որոնք շահագրգռված են այդ հարցերում, թե նաև համահայկական ներուժը:
Ի վերջո, եթե կա մտահոգություն Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնությունների, կամ այդ հավակնություններով հանդերձ նաև տարբեր այլ աշխարհաքաղաքական «հետաքրքրությունների» մասով, ապա դրանց հակադարձելու առանցքային տարբերակը ոչ միայն համապատասխան պաշտպանական ուժի ապահովումն է, այլ նաև Սյունիքում համարժեք դեմոգրաֆիական պատկերի և տնտեսական հյուսվածքների ձևավորումը: Իսկ դեմոգրաֆիական պատկերի հետ կապված խնդիրները անշուշտ չեն ենթադրում միայն մշտական բնակչության թվի ավելացում, թեև դա ևս պետք է լինի ռազմավարական նպատակ:
Դեմոգրաֆիան տվյալ պարագայում կարող է ունենալ նաև որոշակի պատկերավոր իմաստ, ենթադրելով Սյունիքի ուղղությամբ այնպիսի անցուդարձ՝ թե Հայաստանի, թե նաև հայության մասշտաբով, որ տնտեսական կյանքը մարզում ինքնին արդեն կենթադրի շոշափելի քաղաքական սուբյեկտային ներուժ:
Հայաստանն ու հայությունն այդ կերպ՝ Սյունիքի հարցում սեփական տնտեսա-քաղաքական օրակարգն ու կենսագործունեության ռեժիմը ձևավորելով և դրա արտաքին շահառուների շրջանակը շատ կոնկրետ աշխատանքային նախագծերով և առաջարկներով ընդլայնելով կարող է հակադրվել այլ օրակարգային շահարկումների:
Աղբյուրը՝ Առաջին լրատվական
![]()