Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։ Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը, նշելով, որ մանկական հիվանդանոցը, վերապատրաստման ինստիտուտը, աուտիզմի ռեսուրսների կենտրոնը և մանկապարտեզը գործում են Լենվալ հիմնադրամի ներքո:

Գալանտի խոսքով՝ հիվանդանոցը կարողացել է արդիականացվել և շարժվել մանկաբուժության զարգացող ստանդարտներով երեխաներին ավելի լավ ախտորոշելու և բուժելու համար: Աննա Հակոբյանին պատմել են նաև Լենվալ հիվանդանոցի կողմից տարեկան իրականացվող ահռելի ծավալի աշխատանքի մասին։ Մասնավորապես, ամեն տարի կատարվում են ավելի քան 100000 բժշկական և մասնագիտացված խորհրդատվություն, ավելի քան 60000 շտապօգնության այցելություններ, մոտ 5700 վիրաբուժական միջամտություններ, ավելի քան 50000 մանկական հոգեբուժական բուժում, 58 հաշմանդամություն ունեցող բնակիչ և մոտ 60 երեխաների խնամակալություն։

Հանդիպում-քննարկման ընթացքում, որին մասնակցել են Լենվալ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոնան Դյուբուան, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարին Կորբուչչինը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առաջարկել քննարկել համագործակցության հեռանկարներին մասին, ինչը սիրով ընդունվել է բուժանձնակազմի կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց հիվանդանոցում ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում հանդիպել և զրուցել է բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել Հայաստանի երեխաների խնամքի կենտրոնի սաների պատրաստած հուշանվերներ, նաև խաղալիքներ, հայերեն խոսող տիկնիկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների մոտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ