Փոխնակ մոր կամ դոնորական ձվաբջջի միջոցով 8 ծնունդ՝ զոհվածների ընտանիքներում

2021-ին անպտղության հաղթահարման ծրագրով լույս աշխարհ է եկել 76 երեխա, իսկ արդեն 2022-ի առաջին 5 ամսում՝ 35: Ութը զոհված զինծառայողների քույր-եղբայրներ են:

Ռուզան Մարտիրոսյան (ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ) — Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում մենք ունենք շահառուների խմբեր, որոնց մեջ մտնում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Ծրագրի շահառու խմբերը շատ են՝ զինծառայողներ, նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչներ, անապահով ընտանիքներ, Հաշմանդամություն ունեցող անձինք, խաղաղ պայմաններում և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ:

Ռուզան Մարտիրոսյան — Բոլորի համար գործում են որոշակի պայմաններ լրացուցիչ և հավելյալ, սակայն զոհված զինծառայողների ծնողների համար բոլոր հավելյալ և լրացուցիչ պահանջները հանվել են:

Գործում է միայն տարիքային շեմը՝ մինչև 53 տարեկան: Կառավարության այս տարվա որոշմամբ՝ ԱՍՀՆ-ն փոխհատուցում է դոնորական ձվաբջջի կամ փոխնակ մոր ծառայություններից մեկական անգամ օգտվելու ծախսերը:

Դավիթ Խաչատրյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) — Փոխնակ մոր դեպքում մինչև 5,5 մլն դրամ փոխհատուցում, դոնորական ձվաբջջի ծախսերի հետ կապված՝ մինչև 600 հազար դրամ փոխհատուցում: Սրանք այն ծախսերն են, որոնք գործում են կլինիկաներում, այսինքն՝ գրեթե 100 տոկոսով ծախսերը կծածկվեն:

Ծրագրին դիմելու ընթացակարգը պարզեցված է, պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել e-requies.am կամ ԱՍՀՆ պաշտոնական կայքէջում:

Ռուզան Մարտիրոսյան — 2022-ի առաջին 5 ամիսների ընթացքում անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում արդեն դիմել է 207 շահառու, որոնցից 84-ը զոհված զինծառայողների ծնողներ են: Նրանց թիվը գնալով աճում է, և հուսով եմ, որ երեխաների թիվը գնալով կմեծանա:

Այսօր հաշվառված է ծրագրի 55 շահառու, 28-ը ֆինանսավորումը ստացել է: Եթե անհրաժեշտ ծախսերը շահառուն արդեն կատարել է, պետությունը գումարը փոխհատուցում է ուղիղ շահառուին, եթե դեռ ոչ՝ կլինիկային:

Դավիթ Խաչատրյան — ընդհանուր առմամբ մոտ 25 մլնի փոխհատուցում արդեն տրամադրվել է և ներկայումս շուրջ 30 դիմում ունենք, որ մշակման ընթացքում են:

Ծրագրի օգնությամբ փոխնակ մոր միջոցով և դոնորական ձվաբջջի տեղադրմամբ մեկական փոքրիկ է ծնվել: Ընթացիկ հղիությունների թիվն ու նոր երեխաների սպասումը մեծ է:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ