Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված

ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նպատակն է թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։

«Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից»,- պաշտոնական գործարկման միջոցառմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

BarevBalik.am-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:

Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

BarevBalik.am հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում, ապահովվում է նաև անձնական տվյալների պաշտպանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ