![]()
Այս զորակոչին զինակոչիկները Հայաստանից Արցախ ծառայության չեն մեկնի։
ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվի պայմանագրային զինծառայողներով:
«Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռան զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը։ Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ», — ասաց նա։
Սահակ Սահակյանի խոսքով՝ Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա, պայմանագրայիններով համալրվում են Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները:
Ըստ նրա՝ ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանելն է։
«Մենք նման փորձ ունենք նաև Հայաստանի հատվածում: Երրորդ բանակային կորպուսում ժամկետային զինծառայողներ այլևս չէին ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահությունում: ՊՆ-ի ու ԳՇ-ի հիմնական նպատակներից մեկը դա է՝ ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանել: Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան: Հնարավորությունը կախված է պայմանագրայինների թվաքանակից: Ժամկետայինները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության», — մանրամասնեց Սահակ Սահակյանը:
![]()