![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը, որը այսօր ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերը քննող դատավոր, 2022 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Դավթյանը հայտարարագրել է 2 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, սակայն տարվա ընթացքում բնակարաններից մեկը նա վաճառել է:
Վերջինս հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշների:
Նախկին պատգամավորը «ՋԵԹ ՍԵԹ ՔՈՆՍԹՐԱՔԹ ՍՊԸ»-ում ունի 54 միլիոն 500 հազար դրամ փոխառություն:
Բանկային հաշիվներում Դավթյանը տարեսկզբին ունեցել է 6370 դրամ, ինչը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 141 հազար 843 դրամ: Որպես կանխիկ գումար՝ նա հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 32 միլիոն 634 հազար դրամ:
Դավթյանը 2021 թվականին ՀՀ Ազգային ժողովից ստացել է 7 միլիոն 245 հազար դրամ, «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամից՝ 254 հազար դրամ աշխատավարձ, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 2 միլիոն դրամ, ինչպես նաև 32 միլիոն դրամ՝ Ժան Ղազախեցյանից՝ գույքը օտարելու դիմաց:
Արթուր Դավթյանը 86 հազար 472 դոլար հիփոթեքային վարկ ունի:
![]()