Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

Այսօր Էրեբունի ԲԿ ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։

Ծնողները փոքրիկին անվանել են Արեն՝ ի պատիվ իրենց երկրորդ որդու՝ Գևորգի, որը ցանկանում էր իր ապագա տղային այդպես կոչել։

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում դեռ հղիության 12–րդ շաբաթականում զոհված տղաների մայրը՝ Արևիկ Միքայելյանը պատմել էր՝ տղաների՝ Գևորգի ու Կարենի զոհվելուց հետո ապրելու իմաստն իսպառ կորել էր: Կրկին երեխա ունենալու ցանկությունն ընտանիքի հոր մոտ էր առաջացել:

«Չէի հավատում ու չէի պատկերացնում, որ այս տարիքում կարող եմ նորից հղիանալ: Ինձ համար անսպասելի էր, թեև բժիշկն ասել էր, որ որևէ խնդիր չունեմ: Մինչև հիմա ականջներումս է բժշկուհու ձայնը՝ «շնորհավորում եմ, տիկին Արևիկ, Դուք հղի եք»: Երբ իմացա, որ տղա եմ լույս աշխարհ բերելու, կարծես մեռած կյանքս լուսավորվեց»,- խինդ ու լաց միախառնած՝ պատմել էր մայրը:

26-ամյա Գևորգ Գևորգյանն ու 22-ամյա Կարեն Գևորգյանը 2 տարի ծառայել են Ոստիկանության զորքերում: Դրանից հետո սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրերից տղաներն իրենց ծառայակից ընկերների հետ հայրենիքի համար մարտնչել են նախ, Քարվաճառում, հետո՝ Շուշիում:

Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: Ծնողները տեղյակ չեն եղել, որ որդիները կռվում են Շուշիում, քանի որ տղաները գաղտնի են պահել դա: Նրանց զոհվելուց հետո նոր միայն Գևորգի կինը ծնողներին պատմել է, որ նա հաճախ զրուցելու ընթացքում ասել է՝ շրջափակման մեջ են, հնարավորություն չունեն դուրս գալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ