![]()
«Ի գիտություն՝ գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին»: Այս վերտառությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների այն հորդորին, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսները կազմակերպի ոչ թե առցանց ձևաչափով, այլ լրագրողների հետ ազատ շփման:
Բաբաջանյանի դիտարկմամբ՝ ինքը աշխարհի մի շարք երկրներում ուսանել և ապրել է, և ոչ մի երկրում ուղիղ եթերում լրագրողներին ազատորեն հնարավորություն չի տրվում հարց ուղղել երկրի ղեկավարին։
Նախկին պատգամավորը նկատել է՝ վարչապետին ուղղված լրատվամիջոցների պահանջը ժողովրդավարության հետ կապ չունի։
«Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև գոյաբանական մարտահրավերները, ներքին պառակտիչ քաղաքական շրջանակների և նրանց անթաքույց սպասարկող մամուլի առատ միջոցների առկայությունը՝ կտրականապես դեմ եմ, որ վարչապետի ասուլիսը տեղի ունենա պահանջվող ձևաչափով։
2020թ․ աղետալի պատերազմից հետո վկայաբերել 2018-ի հեղափոխական ալիքի վրա անցկացվող մամլո ասուլիսները լուրջ չէ։
Ներքաղաքական պայքարի սուբյեկտ դարձած մամուլի բազմաթիվ միջոցներ, առանց որևէ խոչընդոտի, հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսի ալիքներով՝ օնլայն տիրույթում ամենավերջին հայհոյանքը և քննադատությունը հասցնելով երկրի վարչապետին և ղեկավարներին։
Ժողովրդավարությունից որևէ նահանջի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակը, կարծում եմ, այդ տիրույթում պետությունը իր կարգավորիչ գործիքները լավագույնս չի կիրառում՝ ժողովրդավարությունը պատշաճ պաշտպանելու համար»,- հավելել է Բաբաջանյանը:
Վերջինս որոշ ժամանակ անց ևս մեկ գրառում է կատարել նույն թեմայի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ վարչապետի վաղվա ասուլիսի հասցեատերը ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանն է։
«Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, և այս իրավիճակում, բնականորեն, երկրի ղեկավարը ընտրել է իր ուղերձը/ուղերձները տեղ հասցնելու այս ձևաչափը։
Երկրի առջև ծառացած խնդիրները համազգային գիտակցում և ընկալում են պահանջում։ Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի, ոչ պակաս քաղաքական միջավայրի մյուս սուբյեկտներից։ Նրանցից շատերը, մեծ մասը հենց այդպես էլ շարունակում են իրենց գործունեությունը։
Ցանկության դեպքում վարչապետը կարող է հարցազրույց տալ ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Հանրայինին։ Բայց հաշվի առնելով մի շարք իրողություններ՝ ընտրվել է հենց այս ձևաչափը։
Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում։ Հավատացե՛ք՝ դրա ժամանակը չէ։
Վարչապետի աշխատակազմին հորդորում եմ պատրաստվել վարչապետի վաղվա ասուլիսին՝ նախապես ծրագրված ձևաչափով»,- եզրափակել է քաղաքական գործիչը:
![]()