![]()
Երեկ՝ հունիսի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք թվային բարեփոխումների կարևոր փուլում ենք և չպետք է մոռանանք քաղաքական կարևոր խնդրի մասին, այն է՝ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով, և դա պետք է լինի նույնականացման քարտը:
«Սա շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Հիմա մի քանի ընտրական փաստաթուղթ ունենք՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր, մեզ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, պետք է ընտրական տեղամասում այդ քարտը կարդացող սարքեր էլ ունենանք: Ընտրությունները պետք է անցկացվեն մաքսիմալ էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ մարդը գալիս է, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է նրա քվեարկած լինելը, որը բացառում է այլ տեղամասում քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը:»,- նկատել էր վարչապետը:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակ, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընտրացուցակներին, նկատում է՝ ID քարտերով ընտրություններին մասնակցելը ամբողջությամբ չի լուծի խնդիրը, բայց կթեթևացնի:
«Ընտրողների ցուցակները այսպես, թե այնպես երբեք չեն կարող լինել իդեալական: Խնդիրը մեկն է՝ պետք է ամեն ձև այդ ցուցակները մոտ լինեն իրականությանը: Ի վերջո, մենք կկարողանանք հասնել նրան, որ մարդու անձը հաստատող փաստաթուղթը կընթերցվի ոչ թե նրա արտաքին տեսքով, այլ նույնականացման քարտի մեջ եղած չիպով: Այս պահի դրությամբ անձնագրի պատճենը համարվում է անձնագիր, որը ռիսկ է ստեղծում. մեկ մարդը կարող է մյուսի փոխարեն քվեարկել: Իսկ միայն ID քարտի միջոցով քվեարկությունների իրականացնումը լրացուցիչ երաշխիք է այդ գործընթացը կանխելու համար»,- պարզաբանում է Իոաննիսյանը:
Նա խոսքով՝ ընտրությունների ընթացքում տարածված է այն երևույթը, երբ մեկը մյուսի փոխարեն քվեարկում է, քանի որ գործընթացը այժմ շատ հեշտ է. նայում են անձնագրի լուսանկարին, որևէ մեկը փոքր-ինչ նման է լինում այդ մարդուն, կարողանում է նրա աձնագրով մտնել քվեախցիկ:
«Միայն նույնականացման քարտի դեպքում դա բացառված է, քանի որ չիպն ընթերցվում է, բացի դրանից՝ մատնահետքն է օգտագործվում. չի կարող մեկ այլ մարդու մատնահետքը համընկնի մյուս անձի մատնահետքի հետ»,- ընդգծում է Դանիել Իոաննիսյանը:
Վերջինս նշում է՝ ընտրություններին միայն նույնականացման քարտերով մասնակցելուն հասնելուն դեռ շատ կա, քանի որ ՀՀ քաղաքացիների կեսից ավելին չունի ID քարտեր. «Սա երկարաժամկետ ծրագիր է, բոլորիս մտքին կար 2016 թվականից: Սակայն պետությունը պետք է հասկանա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները նույնականացման քարտեր ունենան: Մինչ այդ՝ բոլոր ընտրություններին ՀՀ քաղաքացիները կապույտ անձնագրերը նույնպես կարող են օգտագործել»:
Իոաննիսյանի նկատառմամբ՝ պետությունը տարբեր գործիքակազմեր պետք է կիրառի, որպեսզի բնակչությունը սկսի օգտագործել նույնականացման քարտեր:
«Պետությունն արդեն ուղղությունը վերցրել է, պետք է շարժվի առաջ, չդանդաղի: Պետք է հասկանա՝ ինչ քայլերի դիմի, որ քաղաքացիները սկսեն օգտագործել ID քարտեր, օրինակ՝ թոշակները կարող են ստանալ միայն քարտով, աշխատավարձ ստանալը դառնա ID քարտով, խթանող հանգամանքներ ստեղծեն: Պետությունը չի կարող ուղղակի մեկ օր հայտարարել, թե առանց ID քարտ չեք կարող ընտրել: Դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ մարդիկ սկսեն չմասնակցել ընտրություններին: Ճիշտ մոտեցումներ են պետք»,- նկատում է նա:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ էլ՝ ՀՀ-ում այսօրվա՝ հունիսի 24-ի դրությամբ, նույնականացման քարտ ունի 1 միլիոն 183 հազար 956 քաղաքացի։
Հարցադրմանը՝ որքա՞ն ժամանակում է տրամադրվում նույնականացման քարտը, կառույցից մանրամասնում են՝ նույնականացման քարտը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվա հաջորդ 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում, սակայն գանձվող վճարի դիմաց։
![]()