Ինչ ունեցվածք են հայտարարագրել Ալեն Սիմոնյանը և նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ ԱԺ նախագահը Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է 1 բնակարան, որը միանձնյա սեփականություն է:

Բանկային հաշիվներում նա ներկայացրել է 27 դոլար, որը տարեվերջին դարձել է 2 դոլար, 1 միլիոն 217 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 2 միլիոն 102 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար՝ Սիմոնյանը 2021 թվականի սկզբին հայտարարագրել է 21 միլիոն 930 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 22 միլիոն 450 հազար դրամ:

ՀՀ Ազգային ժողովից, որպես աշխատավարձ, նա ստացել է 11 միլիոն 748 հազար դրամ:

Վերջինս ներկայացրել է նաև վարկ, որի մայր գումարը կազմում է 20 միլիոն 741 հազար դրամ, մնացորդի չափը՝ 0 դրամ:

2021 թվականին 3 միլիոն 924 հազար դրամ Սիմոնյանը ծախսել է՝ վարկը մարելու համար, 3100 եվրո էլ՝ հանգստի մեկնելու համար:

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է բնակարան, որը միանձնյա սեփականություն է: Վերջինս նաև հայտարարագրել է 2 մեքենա՝ «Հյունդայի» և «Լենդ Ռովեր» դասի, սակայն «Հյունդայի» մակնիշի մեքենան Մարգարյանը տարվա ընթացքում վաճառել է:

Մարգարյանը հայտարարագրել է նաև 50 հազար դրամի բաժնեմաս և 2 հազար դոլարի ավանդ:

Մարիամ Մարգարյանը բանկային հաշիվներում ներկայացրել է 159 դոլար և 2 միլիոն 368 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 35 հազար 991 դրամ:

Որպես կանխիկ գումար՝ Սիմոնյանի կինը հայտարարագրել է 6 միլիոն 700 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 միլիոն 800 հազար դրամ, ինչպես նաև 19 հազար դոլար, որը նույնպես նվազել է՝ դառնալով 2100 դոլար:

Մարիամ Մարգարյանը «Ֆրի Նյուզ ՍՊԸ»-ից ստացել է 1 միլիոն 993 հազար դրամ աշխատավարձ, Հասմիկ Համբարձումյանի գույքը օտարելու դիմաց՝ 6 միլիոն դրամ և «ՀայԷկոնոմԲանկ» ՓԲԸ-ից՝ 159 դոլար:

1700 եվրո էլ Սիմոնյանի կինը ծախսել է հանգստի մեկնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ