![]()
Օգոստոսի 26-ին Գյումրիում անցկացվելիք «Երևանի օրեր»-ը հետաքրքիր նախաբան կդառնա օգոստոսի 27-ի մեծ տոնի՝ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության անցկացման համար։
Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
«Երևանի օրեր»-ը կշարունակվի նաև օգոստոսի 27-ին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգոստոսի 26-ին Գյումրու ամենատարբեր հատվածներում կազմակերպել տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համերգներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, հանդիպում-քննարկումներ, համատեղ մանկական և երիտասարդական համերգային ծրագրեր։
«Ի դեպ, մեկ կարևոր դիտարկում. այս ծրագրերից մեկի ընթացքում Երևանի քաղաքապետարանը Գյումրու նորաստեղծ մանկական փողային նվագախմբին կնվիրի երաժշտական գործիքներ։ Սա առաջին դեպքը չէ։ Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցության արդյունքում մեկ տարի առաջ երաժշտական գործիքներ ստացավ նաև Մանսուրյան աշակերտական կամերային նվագախումբը։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն այս կտրվածքով նաև այս տարի է շարունակվում»,- ասաց Թովմասյանը։
Արդեն օգոստոսի 27-ին մեծ հանդիսավորությամբ Գյումրին կնշի իր տոնը։ Նախորդ օրվանից մեկնարկելիք բոլոր միջոցառումներին կավելանան Գյումրու բոլոր պետական երաժշտական համույթները, անհատ կատարողները, արվեստի ու արհեստի բնագավառների բոլոր ներկայացուցիչները։ Տոնի մասնակիցները կդառնան բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ որոշակի մասնակցություն ու ներդրում ունեն Գյումրու մշակութային կյանքում։
«Որոշել ենք անել ամեն բան, որ որևէ թիրախային լսարան բաց չմնա, որովհետև յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրություններն ու լսարանը։ Որևէ կոլեկտիվ ու համույթ դուրս չի մնալու մեր ծրագրերից։ Կարևոր նշանակություն ու դեր ունեն նաև թանգարանները, ձեռագործ արվեստի վարպետներն ու բոլոր ստեղծագործողները»,- զեկուցեց Լիլիթ Թովմասյանը։
Երկօրյա մեծ միջոցառումները, ըստ Թովմասյանի, կեզրափակվեն աննախադեպ մեծ համերգով, որը կկայանա Վարդանանց հրապարակում։ Լուսաձայնային բացառիկ հագեցվածությամբ բեմում հնչելու են կենդանի կատարումներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիայի» հետ համատեղ։
Գյումրու օր տոնակատարության ծախսային մասի համար համայնքի բյուջեից 8 մլն դրամ է հատկացվել։
Ստեղծագործական և կազմակերպական խմբերի վարձատրության համար նախատեսված է ընդհանուր 1 մլն 300 հազար դրամ։ Այս գումարի շրջանակներում իր ելույթի համար Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը կստանա 200 հազար դրամ։ Նույնքան գումար է նախատեսված Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։ ԵՊԿ լարային քառյակին կտրվի 100 հազար դրամ, Գյումրու երիտասարդական բենդերի համար (5 խումբ) նախատեսված գումարի չափը 250 հազար դրամ է։ Երգի պետական թատրոնի «Ուրախ նոտաներ»-ին կտրվի 200 հազար դրամ։ Մանկական համույթների ելույթների համար նախատեսված է 100 հազար դրամ։
Երիտասարդական և մանկական համերգների հաղորդավարներին հատկացված է 150 հազար դրամ, կազմակերպչական կազմին՝ 100 հազար դրամ։
Մեքենաների և սարքավորումների վարձակալության գումարը 2 մլն 350 հազար դրամ կկազմի։ Տոնի հանրահռչակմանն ուղղված ծախսերը՝ դրոշ, կրծքանշան, գովազդային արշավ և այլն, և այլն, կկազմակերպվեն 1 մլն 790 հազար դրամի շրջանակներում։
5 թանգարանում անցկացվելիք միջոցառումների և գյումրեցի նկարիչների համահավաք ցուցահանդեսի ու պատկերագրքի տպագրության համար նախատեսվել է 1 մլն 460 հազար դրամ։ Չնախատեսված ծախսերի համար՝ 1 մլն 460 հազար դրամ։
![]()