![]()
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց այցելած մեծաթիվ քաղաքացիները վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել։
Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից և ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և այլ ստորաբաժանումներից։
Ըստ աղբյուրի, գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել էր հունիսի 19-ի գիշերը, մյուսը՝ ավելի ուշ:
![]()