![]()
Հունիսի 20-ին լրացավ հետպատերազմական Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների մեկ տարին։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը վերաքվեարկեց 2018 թվականին հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժի՝ ՔՊ-ի օգտին, խորհրդարան անցան նաև ընդդիմադիր երկու դաշինքներ՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը։ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ-ում ընտրություններից մեկ տարի անց, արդյոք սահմանադրական եղանակով՝ ընտրության միջոցով, հնարավոր եղա՞վ հաղթահարել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, թե՞ գործ ունենք ավելի խորացած ճգնաժամի հետ՝ հաշվի առնելով վերոհիշյալ երկու դաշինքների՝ արդեն երկու ամիս տևող փողոցային պայքարն ու հասարակական-քաղաքական լարված իրավիճակը։
«Արտահերթ ընտրությունների միջոցով հնարավոր եղավ պարպել այն լարվածությունը, որը միտումնավոր կերպով հարուցվել էր ՀՀ-ի ներսում՝ նպատակ ունենալով, օգտվելով պատերազմի արդյունքներից, իսկ ավելի ճիշտ՝ պարազիտանալով պատերազմի արդյունքների վրա, օգտագործելով մարդկանց շատ բնական ֆրուստացիան, հասնել իշխանազավթան, հակահեղափոխության՝ ռևանշի։
Ընտրություններով կանխվեց ռևանշը, սակայն մյուս կողմից՝ ընտրությունների միջոցով վերաձևավորված իշխանությունը այնուամենայնիվ չկարողացավ ՀՀ-ի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմին դիմագրավել»,- մեկամյա խորհրդարանի գործունեությանը civic.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով. «Պետության առաջ կանգնած հիմնական սպառնալիքների ու մարտահրավերների մի մասը իշխանությունները, իմ դիտարկմամբ, պրոբլեմ չեն համարում, այլ միանգամայն փորձում են գոյակցել այդ վտանգների հետ, ինչը շատ վտանգավոր է։ Մասնավորապես՝ խոսքը ՌԴ-ի ազդեցության մասին է, որը փետրվարի 24-ից հետո վերածվել է համակարգային թույնի։ Բայց, ցավոք սրտի, այդ գնահատականը իշխանությունը չի կիսում, և ես չեմ տեսնում համարժեք քայլեր սպառնալիքների ու վտանգների վնասազերծման ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ-ն կա՛մ պետք է առաջ գնա, կա՛մ էլ մնա ՌԴ-ի փլատակների տակ։ Երկրորդ՝ ակնհայտ էր, որ պետք է իրականացվեր բանակի ռեֆորմ, սակայն դա ՌԴ-ի հետ անելն ուղղակի անհնարին է։ Ես տպավորություն չունեմ, որ սա ևս իշխանությունը անհնարին է համարում, և այստեղ, այո, ես խնդիր եմ տեսնում։ Երեկ էլ պայթած ռումբը՝ ձայնագրության տեսքով, ցույց տվեց, թե դատական համակարգն ի՜նչ ողորմելի վիճակում է, անտերության մատնված, և ես նույնպես այս կարևոր ոլորտը բարեփոխելու ուղղությամբ համարժեք քայլեր չեմ տեսնում՝ բացի գիտահետազոտական վերլուծություններից այն մասին, թե ինչու պետք է այս վիճակը ևս որոշ ժամանակ պահպանվի։ Ռեֆորմների առայժմ ականատես ենք լինում միայն ոստիկանության համակարգում, մնացած ոլորտներում հիմնահատակ, տեսանելի փոփոխություններ դեռևս նշմարելի չեն։ Հուսանք՝ ապագայում նշմարելի և շոշափելի կլինեն»։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ շուրջ մեկ տարվա խորհրդարանական գործունեությանը՝ մեր զրուցակիցը կոշտ գնահատականներ տվեց. «Ընդդիմություն կոչվածը այսօրվա համակարգային լրջագույն արատներից մեկն է, որը արգելակում է ՀՀ-ի զարգացումը։ Ընդդիմությունը հավատարիմ մնաց իր քաղաքական կուրսին, այն է՝ առավելագույն վնաս հասցնել ՀՀ-ին, և ինչքան կարողացավ, այնքան հասցրեց։ Բարեբախտաբար, չունենալով հասարակական հենարան, սոցիալական բազա՝ ընդդիմություն կոչվածը հայտնվեց «ոտքերը վերևում» կարգավիճակում, բայց նույնիսկ այս պարագայում մաքսիմալ վնաս, ինչքան որ կարող էր հասցնել, հասցրեց՝ ապականելով քաղաքական դաշտը, պղտորելով քաղաքական օրակարգը, ձևախեղելով քաղաքական պրոցեսները, ՀՀ-ի վրա լրացուցիչ ճնշումների պլացդարմ ստեղծեց։ Առիթի դեպքում կրկին կշարունակի նույն վարքագիծը՝ օգտվելով այն լիազորություններից և արտոնություններից, որոնք ունի ըստ Սահմանադրության»։
«Ճնշումների համար պլացդարմ ձևավորել» ասելով քաղաքագետը նկատի ունի մասնավորապես ԼՂ հարցում ՀՀ-ի նկատմամբ հնարավոր ճնշումները, ինչպես նաև ՀՀ-ի՝ ՌԴ-ի հետ միութենական պետություն ձևավորելու օրակարգն առաջ քաշելն ու ուղիղ տեքստով նման հեռանկարին կողմ արտահայտվելը։
Անդրադարձանք նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանը։ Արդյոք այս հայտարարությունը երկու ամիս առաջ նստացույց սկսելու օրերին իր իսկ Վանեցյանի կողմից արված հայտարարության տրամաբանական հանգուցալուծո՞ւմն էր՝ եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հեռացնել իշխանությունից, ես խորհրդարան չեմ վերադառնա, թե՞ պարոն Վանեցյանն այլ հեռահար նպատակներ ունի։ Մեհրաբյանն ի պատասխան ասաց. «Ես այդ հարցի հասցեատերը չեմ, և դրան լավագույնս կպատասխանի Վանեցյանը։ Մյուս կողմից էլ՝ անկախ այն բանից, թե Վանեցյանը դրեց մանդատը, թե պահեց, դրանից երկնքում աստղերի դասավորությունը չի փոխվում, քանի որ նա այն քաղաքական ֆիգուրը չէ, որի «մանդատազրկումը» որևէ ազդեցություն ունենա ՀՀ-ի քաղաքական գործընթացների տրամաբանության վրա և որևէ ձևով տպավորի հայ հանրությանը։ Տվեց՝ տվեց, չտվեց՝ չտվեց»։
Արդյոք նրա քայլին պե՞տք է հետևեն նաև ընդդիմադիր խմբակցությունների այլ պատգամավորներ ևս, եթե ոչ՝ բոլորը, որոնք արդեն երկու ամիս է՝ փողոցային պայքար են ծավալում և այդպես էլ չեն կարողանում հասնել իրենց գերնպատակին՝ իշխանւթյան հեռացմանը։
«Դա իրենց որոշելիքն է, և ինձ համար դժվար է պատկերացնել, թե ֆիասկոների այս շարքից հետո իրենք ի՞նչ անելիք ունեն խորհրդարանում։ Գնան, որ ի՞նչ անեն։ Անցած մեկ տարվա ընթացքում նրանք ԱԺ-ի աշխատանքներին նորմալ չեն մասնակցել, խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքները առժամանակ բոյկոտել են, մշտական հանձնաժողովների աշխատանքներին պատշաճ չեն ներկայացել, այնպես որ, նրանց գնալն ու չգնալը մի հաշիվ է։ Հետևապես մանդատները վայր դնելը կամ չդնելը դարձյալ որևէ բան չի փոխում ԱԺ-ի աշխատանքների բովանդակային մասում»,- եզրափակեց քաղաքագետը։
![]()