«Դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս». Սուրեն Ղամբարյան

Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է Նոր Նորքի ղեկավար Սուրեն Ղամբարյանը՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով է կատարել իր աշխատանքը, ձգտել հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։

«Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։

Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար ։

Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։
Երջանիկ եղեք, սիրելիներս»,-գրել է Սուրեն Ղամբարյանը:

Նշենք, որ Ղամբարյանը Նոր Նորքի ղեկավար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 5-ին, ապա, 2022 թվականի հունվարի 24-ին, վերանշանակվել նույն պաշտոնում։

Մինչ այդ` 2019-2021 թթ., նա աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ