![]()
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է կողաշրջվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում արգելափակված քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և վարորդին դուրս բերել այնտեղից: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()