«Ինքնասպանությունների քանի՞ տոկոսի հիմքում են ընկած խաղամոլությունը և թմրանյութերը»․ Վ․ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․

«Օր չկա, որ չլսենք ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի մասին։ Երևույթն արդեն վերածվել է հասարակական լրջագույն վտանգի։ Կարդում ենք, տխրում կամ անտարբեր անցնում, հետո վերածվում է վիճակագրության։
Ինքնասպան եղած մարդկանց մեջ ահռելի տոկոս են կազմում տղամարդիկ` միջինացված 80 տոկոս։ Էլ ավելի ահռելի բաժին է ընկնում 30-65 տարեկան տղամարդկանց խմբի մոտ։
Հոգեբանները, հոգեբույժները, ինքնասպանագետները և այլ մասնագետներ տարբեր պատճառներ են բերում` հասարակական, սոցիալական, տնտեսական, ընտանեկան, հուզական և այլն։ Սրանք ընդհանրական պատճառներ են։
Կարծում եմ Ազգային անվտանգության անհրաժեշտություն է դարձել հստակ հետազոտելու, թե այս ինքնասպանությունների քանի տոկոսի հիմքում են ընկած խաղամոլությունը և թմրանյութերը։ Հատկապես այս երկու ախտերը ահռելի չափերի են հասել։ Թվում է, թե պետական, սոցիալական, հասարակական որևէ մեխանիզմ այլևս չի գործում։ Համատարած խաղում են։ Կես ժամ կարելի է կանգնել ցանկացած վճարային տերմինալի մոտ ու տեսնել, թե տարասեռ ու տարատարիք քանի մարդ է բուքմեյքերական հաշիվներ լիցքավորում։ Էլ չեմ ասում, որ ամեն չորրորդ դեռահաս աղջիկ քեզ հանգիստ կպատմի տարատեսակ թմրամիջոցների, կիրառելի ձևերի ու թելեգրամյան ալիքների մասին։
Սրանք խնդիրներ են, որոնց դեռ երեկ պետք էր անդրադառնալ։ Հակառակ դեպքում, ամեն օր մարդկային կյանք է արժենալու, խեղված ճակատագրեր ու ոչնչացվող հասարակություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ