Զոհված զինծառայողների հարազատները պետք է զերծ մնան հանուն քաղաքական շահերի իրենց երեխայի արյունը վաճառելուց

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, զոհված զինծառայողների հարազատներն այսօր դատախազության մոտ էին, նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երկու գրություն փոխանցեցին։ Զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։

Բացի այդ զոհված զինծառայողների հարազատներից մեկը հայտնեց, որ ներկայացրել են նաև հաղորդում հանցագործության կատարման մասին, խոսքը ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ նրանց հանդիպման ժամանակ Քյարամյանի իբրև թե ոչ պատշաճ պահվածքի մասին է։

Այն, որ զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսն ակտիվ ներգրաված են այս օրերին Երևանի փողոցներում իշխանափոխության պահանջով բողոքի ակցիա իրականացնող ընդդիմության նախաձեռնած պրոցեսներին, դրանում կասկած չկա։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում հատուկ վրան էր նախատեսված զոհված զինծառայողների հարազատների համար։ Հետևաբար շատ դեպքերում, այդ թվում նաև այսօր դատախազության դիմաց արած հայտարարություններում զոհված զինծառայողների հարազատների գործողությունները հետապնդում են քաղաքական նպատակներ։

Պատահական չէ նաև, որ զոհված զինծառայողների հարազատների իրականացրած բողոքի ակցիաները լուսաբանում են հիմնականում ընդդիմադիր՝ հայտնի քաղաքական շրջանակի շահերը սպասարկող լրատվամիջոցները, ինչը ևս փաստում է այն մասին, որ զոհված զինծառայողների հարազատները թելերով կապված են իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, իսկ նրանց գործողությունները հետապնդում են քաղաքական նպատակներ։

Ի դեպ, մեր տեղեկություններով զոհված զինծառայողների հարազատների գործողությունները շատ ժամանակ համակարգվում են այդ թվում նաև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող Կարին Տոնոյանի կողմից, ով օգտագործելով զոհված զինծառայողների հարազատների ծանր հոգեբանական վիճակը, շատ ժամանակ դրդում է վերջիններիս իրականացնել գործողություններ՝ հետապնդելով քաղաքական շահեր։

Պարզ է, որ զոհված զինծառայողների հարազատների դատախազություն ներկայացրած ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի դեմ հաղորդումը ընդամենը էժանագին շոու է, որպեսզի հանրության աչքերին թոզ փչելով փորձեն կանխել այս օրերին Քննչական կոմիտեում իրականացվող օբյեկտիվ քննությունը, ինչը բնականաբար չի բխում ընդդիմադիրների շահերից։

Որքան էլ ցավալի, բայց արդեն իսկ փաստ է, որ զոհված զինծառայողների հարազատներից ոմանք գիտակցելով կամ առանց գիտակցման պատերազմում որդի կորցնելու հանգամանքը օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ամենայն հարգանքով և վշտակցությամբ նրանց կորստին, սակայն Հայաստանում օրենքը և կանոնակարգը պետք է հավասարապես տարածվի բոլորի վրա, իսկ զոհված զինծառայողների հարազատները պետք է զերծ մնան հանուն քաղաքական շահերի իրենց երեխաների արյունը վաճառելուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ