![]()
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք առնչվում են «Շտապբուժօգնություն» ընկերությունից ստացված փաստաթղթերին:
Պարզվել է, որ «Շտապբուժօգնություն»-ում արձանագրված 2005 կանչ «Արմեդ» համակարգում մուտքագրվել է կրկնակի, ձևակերպվել իբրև պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն:
Դրա հիման վրա պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 (23 միլիոն 267 հազար 750) ՀՀ դրամ գումար:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացվել են 2018-2021թթ. տնտեսավորողների հետ կնքված բժշկական թվով 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների և ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1260-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների կատարման ընտրանքային ուսումնասիրություն:
2019-2021թթ-ին պայմանագրային հիմքով 13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9.503 կանչերի, ինչպես նաև՝ քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22.612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝ արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 ՀՀ դրամ գումար:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
![]()