![]()
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հանդիսավոր սրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի հրաժեշտի արարողությունը:
Վարպետին վերջին անգամ ծափերով հրաժեշտ տվեցին ու թատրոնից դուրս ճանապարհեցին: Քոթանջյանին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն նրա հարազատներն ու ծանոթները, այլեւ անծանոթ մարդիկ եւ վերջինիս արվեստի սիրահարները:
ծափփփփփ.jpg (196 KB)
Արտիստին հրաժեշտի արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Դերասաններ, որոնք առիթ էին ունեցել Քոթանջյանի հետ աշխատելու, միեւնույն բեմում երեւալու, այդ մասին խոսում էին մեծ պատվով ու ակնածանքով: Ոչ պակաս հիացմունքով էին խոսում Քոթանջյանի մարդ տեսակի՝ նրա զուսպ, բայց միեւնույն ժամանակ կոլորիտային ու գունեղ կերպարի մասին:
Դերասան Արթուր Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ չնայած արտիստի հետ միեւնույն բեմում խաղալու պատիվը չի ունեցել, սակայն ճանաչել է ու մեծ հարգանքով վերաբերվել:
Մալյան Թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանն էլ նկատեց՝ Քոթանջյանը նախ, վարպետ էր, հետո՝ դերասան: «Չափազանց գրագետ, կարդացած ու ինտիլիգենտ մարդ էր, որը կարող էր օրինակ ծառայել յուրաքանչյուրին, ինչու չէ, նաեւ մեզ՝ դերասաններիս: Նրա հետ միասին աշխատելը մեծ բավականություն էր: Հիշում եմ՝ համատեղ նույն պրոյեկտում էինք աշխատում. «Ոսկեջրած ձկնիկը» ներկայացումն էր, խենթանալի յուրահատուկ մարդ էր, այնքա՜ն դրական հիշողություններ կան այդ օրերի հետ կապված»,- նշեց նա:
Դերասանի խոսքով՝ Քոթանջյանը շատ զուսպ ու օրինակելի մարդ էր. «Հումորը, ժպիտը, խոսքը, ամեն ինչն այնքան տեղին էր անում, ու դա հատուկ չէր, դա բեմադրված չէր, այլ նա էությամբ էր այդպիսին»: Գեորգի Հովակիմյանը նաեւ նկատեց՝ առիթ է ունեցել Ռաֆայել Քոթանջյանի որդու՝ Մայքլ քոթանջյանի հետ աշխատելու. «Ընտանիքներով էլ էինք կապված, իրար հաճախ չէինք տեսնում, բայց հարազատությունը կար»:
Խոսելով Քոթանջյանի մարդ տեսակի, նա մահով հերթական մեկ գույնի պակասի մասին՝ դերասանը նշեց՝ ինչպես էլ չլինի, բնությունը կրկին կծնի նրա ու մեր վարպետների նման տաղանդների:
քաաաաաա.jpg (241 KB)
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ հայտնեց, որ Քոթանջյանի հետ առիթ է ունեցել շփվելու, նախ, երբ դերասանն իր ծնողների հետ թատրոնում է աշխատել: «Բայց դա էական չէ, եթե անգամ ես նրան անձնապես չճանաչեի, իր արվեստն ու մարդկային տեսակը լիովին բավարար էին՝ նրան սիրահարվելու: Ինձ համար նա առաջին հերթին իբրեւ մարդ էր չափազանց գնահատելի. արվեստագետ, արտիստ, էությամբ գեղագետ: Շատ բարի եւ խորը մարդ էր: Իր կերպարը, իր տեսակը բացառիկ էր մեր քաղաքի համար, եւ դա ստեղծված կերպար չէր, ինքն էր այդպես»,- ասաց նա:
Թուխիկյանի կարծիքով՝ իր տեսակի մեջ հանճարեղ դերասան Ռաֆաել Քոթանջյանը գուցե, եթե դրսում ապրեր ու ստեղծագործեր, առավել մեծ հաջողությունների հասներ: Վերջինս նաեւ հավելեց. «Ափսոս, որ վերականգնելի չեն նման կորուստները: Ցավում եմ, որ նոր սերունդը այնքան էլ լավ չի ճանաչում այս տեսակ մարդկանց»:
Կինոգետ Անետա Երզնկյանն էլ փաստեց՝ Քոթանջյանը կարողացել էր կերտել այնպիսի կերպարներ, որոնք անմոռանալի են:
«Իր կերպարն ինքնին հետաքրքիր էր, ուներ թեթեւ քողարկված ժպիտ, որով մարդկանց դիմավորում ու ճանապարհում էր, աչքերը տխուր էին: Բայց ես իրեն այսպես կբնութագրեմ՝ ծիծաղող մարդ, որը տխրություն ուներ աչքերում: Նա ինտելեկտի տեր մարդ էր ու այդ պաշարը դրսեւորվում էր, թե՛ իր դերերում, թե՛ կյանքում,
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խաղացել է «Սատանայի ջրաղացը», «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» և մի շարք այլ ներկայացումներում:
Ռաֆայել Քոթանջյանն իր յուրահատուկ խաղով հանդես է եկել «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Մաքսանենգություն», «Երեքի սրտերը», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Երեքի սրտերը 2», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդուհու յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Քաոս» և մի շարք այլ ֆիլմերում:
Հիշեցնենք՝ սիրված արտիստի մահվան մասին հայտնի դարձավ հունիսի 13-ին, նա 80 տարեկան էր: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետը:
![]()
![]()