Ալիևի շանտաժը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից անմիջապես հետո

Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ապա Ադրբեջանն էլ ստիպված է լինելու տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին, Բաքվում տեղի ունեցող ֆորումում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ալիևի շանտաժային բնույթի հայտարարությունները նոր չեն, սակայն նոր հայտարարությունը հնչում է մի էական նրբերանգի ֆոնին: Նախօրեին Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդին: Հատկանշական է, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման մասին Բաքվի տարածած տեղեկատվությունը բավականին սուղ է:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության համաձայն, Դոնֆրիդը Ալիևի հետ քննարկել է ԱՄՆ-Ադրբեջան երեսնամյա գործակցությունը, ինչպես նաև ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության հարցեր, նշելով խաղաղության հասնելու հնարավորությունն ու աջակցելով Եվրամիության նախաձեռնությամբ գործընթացը: Կարեն Դոնֆրիդը Բաքվում է ռեգիոնալ այցով: Հունիսի 17-ին նա այցելելու է Թբիլիսի, իսկ հունիսի 18-ին՝ Երևան: Ահա այդ ֆոնին հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո, Դոնֆրիդի՝ դեռևս Բաքվում գտնվելու ընթացքում Ալիևը անում է բավականին հստակ շեշտադրումով հայտարարություն-շանտաժ, որ՝ եթե Հայաստանը տարածքային պահանջ ունենա Ադրբեջանից, ապա Ադրբեջանն էլ տարածքային պահանջ կներկայացնի Հայաստանին:

Ալիևի հայտարարությունը հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ: Սակայն թերևս կասկածից վեր է, որ նրա հայտարարության բաց համատեքստում արցախյան հարցն է, Արցախի կարգավիճակի հանգամանքը և դրանից Երևանին հրապարակային հրաժարման բերելու մղումը, այդ հարցն ընդհանրապես խաղաղության օրակարգից դուրս բերելու ձգտումը: Որովհետև, Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հանդեպ չունի տարածքային պահանջ, իսկ Արցախի հարցը իրավունքների և անվտանգության, ոչ թե տարածքի հարց է: Սակայն տվյալ պարագայում հատկանշական է հենց դա, որ նախօրեին նա հանդիպում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ և քննարկում ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության հարցեր, իսկ դրանից հետո անում հայտարարություն, որը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել խաղաղությանը նպաստող կամ օգնող: Եվ այստեղ առաջանում է հարց, թե Ալիևի հայտարարության առնչությամբ ի՞նչ վերաբերմունք կամ գնահատական ունի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, որը Բաքվից ժամանելու է Երևան՝ իհարկե անցնելով Թբիլիսիով:

Ի դեպ, Ալիևը Բաքվի ֆորումում նաև հայտարարել է, թե Բաքուն առաջարկել է Վրաստանի մայրաքաղաքում անցկացնել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, որի նպատակը լինի ռեգիոնալ գործակցության հեռանկարը, սակայն Երևանը հրաժարվում է՝ ըստ Ալիևի: Ընդ որում Բաքվի ղեկավարը նշել է, թե եռակողմ այդպիսի հանդիպման առաջարկ արել է նաև եվրոպական կառույցներից մեկը, սակայն Երևանը դաձյալ հրաժարվել է դրանից:

Մյուս կողմից, Ալիևն իր շանտաժային բնույթի հայտարարություններով գործնականում ինքն էլ «փաստում» է, որ Երևանի հրաժարումը կարող է լինել հիմնավոր, քանի որ Ադրբեջանը խոսքով արտահայտվելով հօգուտ ռեգիոնալ խաղաղության, գործնական առումով որևէ կերպ պատրաստ չէ դրան և վկայությունն էլ հենց «խաղաղասիրական» հռետորաբանության «արանքներում» շատ հստակ արտահայտվող ռազմական շանտաժի դրսևորումներն են: Այստեղ է, որ առաջանում է ունկընդիրների հարցը, որոնք խոսում են խաղաղության իրական հնարավորության մասին, այդ թվում Ալիևի հետ, բայց միևնույն ժամանակ Ալիևից լսում են Հայաստանի հասցեին արվող շանտաժը: Հետաքրքիր է, կունենա՞ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այդ առնչությամբ ասելիք Երևանում, և ի՞նչ է լինելու ասելիքը:

Աղբյուրը՝ Առաջին լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ