«Դիմադրության շարժումը պարտվեց ժողովրդին».Արմեն Բաղդասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

-Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 2-ին ընդդիմությունը հանդես կգա վարչապետի սեփական թեկնածուով։ Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին և օրենքը թույլ է տալիս ԱԺ-ում անվստահության գործընթաց մեկնարկել։ Ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն և որքա՞ն է հավանականությունը, որ ընդդիմությունը առհասարակ կարող է հաջողել։

–Չեմ կարող ասել, թե ով կլինի ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Կարծում եմ, որ խնդիրն այնքան էլ անձերը չեն, խնդիրն այն է, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է հստակ այլընտրանքային ծրագիր մշակի, գաղափարներ պետք է առաջ քաշի, թե ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ Եվ դա առանձնապես կապ չունի, թե կառավարության ղեկավարի մեկ տարին լրացել է, թե չի լրացել, որովհետև եթե լիներ այդպիսի հստակ ճանապարհային քարտեզ, ապա ընդդիմությունը կարող էր ներկայացնել՝ չսպասելով օգոստոսի 2-ին։ Կարծում եմ՝ խնդիրը ժամկետը չի, խնդիրը այն է,որ կարծես թե ընդդիմությունը չունի, և նաև դա է դիմադրության շարժման ձախողման պատճառներից մեկը։

-Նշում էին, որ օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, Արցախն էր փրկության ծրագիրը։

-Ես այդտեղ ծրագիր չեմ տեսել։ Ես տեսել եմ բարի մտադրություններ, դեկլարատիվ հայտարարություններ, բայց կոնկրետ գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ ես չեմ տեսել, որովհետև ընդդիմությունն ավելի շատ խոսում էր այն մասին, թե ինչ չպետք է անի իշխանությունը, բայց չէր ասում, թե ինչ պետք է անի ինքը, եթե գա իշխանության։

-Նրանք հայտարարել են, որ խորհրդարան էլ չեն վերադառնալու։ Անհասկանալի չեն դառնո՞ւմ ընդդիմության գործողությունները։

-Նորից եմ ասում՝ խնդիրը վարքը չի, կամ գործողությունների տակտիկական փոփոխությունը չէ, ինչպես հայտարարում են։ Ընդդիմությունը, եթե ասելիք ունենա, որևէ նշանակություն չունի, դա կասի Ֆրանսիայի հրապարակից, թե խորհրդարանական ամբիոնից։ Խնդիրը ասելիքի բացակայությունն է։

-Եթե նույնիսկ այդ օրակարգը ձևակերպված լիներ, արդյոք ընդդիմությունն այսպիսի կազմով կարո՞ղ էր հանրային մոբիլիզացիա իրականացնել։

-Իհարկե, կա նաև անձերի խնդիր, կա նաև ժողովրդի հիշողության խնդիրը։ Մարդիկ շատ լավ են հիշում այդ լիդերների իշխանության քսան տարիները, բայց եթե այդքանով հանդերձ հստակ գործողությունների ծրագիր լիներ, կարծում եմ, շատ-շատերը, հաշվի առնելով լիդերների անցյալը, կկանգնեին շարժման կողքին, որովհետև խնդիրը ամեն դեպքում անցյալը չէ, ապագան է։ Եվ եթե կա ապագայի հստակ փրկության ծրագիր, ապա, իհարկե, հասարակության զգալի հատված, անգամ մոռանալով անցյալը, կգնար և կկանգներ անգամ այդ օդիոզ դեմքերի կողքին։

-Հիասթափություն կա՞ այս շարժման ավարտի հետ կապված։

-Իհարկե, կա որոշակի հիասթափություն, բայց, կներեք, հիասթափվել են նրանք, որոնք ուզել են հիասթափվել։ Մենք պետք է հասկանանք, որ հասարակության շատ զգալի հատված՝ մեկուկես-երկու միլիոն մարդ, չի ընդունում այս իշխանություններին, բայց այս շարժման ակցիաներին մասնակցում էր առավելագույնը մի քանի հազար մարդ, այսինքն՝ հասարակության մեծամասնությունը, որը, իմ պատկերացմամբ, ընդդիմադիր է, չվստահեց ընդդիմադիր լիդերներին։ Սա իշխանության հաղթանակ ես չեմ համարում, սա դիմադրության շարժման պարտությունն էր, դիմադրության շարժումը պարտվեց ժողովրդին, որ չկարողացավ վստահություն ներշնչել ժողովրդին և տանել իր հետևից։ Սա կոնկրետ այդ մի քանի քաղաքական ուժերի պարտությունն էր։

-Պարոն Բաղդասարյան, հարցին, թե համաժողովրդական շարժումը կունենա՞ ցանկալի արդյունքներ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին։ Պարտության սլաքները ուղղվեցին Ռոբերտ Քոչարյանի՞ն։

-Հասկանալի է, որովհետև անցյալ տարվա ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը մի քանի անգամ ավելի շատ ձայներ էր ստացել, քան «Պատիվ ունեմ» դաշինքը, և բնական է, որ, այնուամենայնիվ, այս շարժման հիմնական շարժիչ ուժը «Հայաստան» դաշինքն էր։ Իհարկե, չգիտեմ, թե Սերժ Սարգսյանը սա լուրջ էր ասում, թե հեգնանքով, բայց հասկանալի է, որ եթե ընդդիմադիր տրամադրություն ունեցող մարդկանց մեծամասնությունը ձայնը տվել էր «Հայաստան» դաշինքին մի քանի անգամ շատ, քան ՀՀԿ-ին, տրամաբանական է, որ այս շարժման հիմնական պատասխանատու պետք է հռչակել այդ դաշինքին, իսկ Իշխան Սաղաթելյանը այդ դաշինքից էր։

-Նշում եք, որ չկա վստահություն իշխանության և ընդդիմության նկատմամբ։ Պետք է նոր ընդդիմությո՞ւն ձևավորվի։

–Այո, բայց խնդիրը ոչ թե նոր ուժերն են, այլ նոր անելիքը, պետք է ձևակերպվի հստակ նպատակը, անելիքը, և հետո միայն որոշվի, թե որ քաղաքական ուժը լավագույնս կիրականացնի այդ նպատակը, մեզ մոտ սովորաբար հակառակն է, բայց սկզբում պետք է որոշվի անելիքը, հետո նոր որոշվի, թե որ քաղաքական ուժը դա լավագույնս կանի, որովհետև քաղաքական ուժը ընդամենը գործիք է, որը պետք է նպատակի իրականացմանը հասնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ