4 տարի անց էլ պարզ չէ՝ արդյո՞ք Գասպարյանն ու զոքանչը խարդախությամբ են ձեռք բերել առանձնատունը

Մոնումենտի հսկայական առանձնատունը սեփականատերը ձեռք է բերել ընդամենը 0 դրամով։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը թեև պարտավորվել է ավելի քան երկու միլիոն դոլար վճարել, սակայն մինչ օրս նախկին սեփականատիրոջը ոչ մի լումա չի փոխանցել։

Արդեն 4 տարի է՝ իրավապահները քննում են, թե խարդախության ինչ մեխանիզմներով են Գասպարյանները այդ հսկայական տանտեր դարձել։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձեռքի տակ ունենալով հետաքննող լրագրողների ծավալուն հետաքննությունը, անցած 4 տարում դեռ չի պարզել՝ արդյո՞ք Գասպարյանն ու զոքանչը խարդախությամբ են ձեռք բերել շուրջ 900 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առանձնատանը։ 2018-ին հարուցված քրեական գործում անգամ կասկածյալ չկա։ Տան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը առայժմ միայն տուժող է ճանաչվել և երկու տարի առաջ մեկ անգամ առերեսվել նախկին ոստիկանապետի հետ։

«Երևի ցանկությունն է ամենակարևորը, որ պակասում է, թե չէ ստեղ ոչ մի բան չկա… Չգիտեմ որ իշխանությունը, ամեն դեպքում այսօր այդ վիճակն է, որ գործը չեն բացահայտում, մարդը պատասխանատվության չի ենթարկվում», — ասաց նա։

Խճճված այս պատմության մեջ անպատասխան հարցերը շատ են։ Հստակ է, որ նախկին սեփականատերը 8 տարի առաջ նոտարով վաճառել է տունը Հեղուշ Գալստյանին՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին։ Առուվաճառքի պայմանագրով վերջինս պարտավորվել է 900 միլիոն դրամ փոխանցել վաճառողի բանկային հաշվին։ Ժամանակն անցել է, բայց փողը չի փոխանցվել։

«Ինքը գնող է, ես՝ վաճառող, ինքն ասում է՝ ես քո փողը կտամ որոշ ժամանակ հետո, ես իրեն վաճառում եմ պայմանով, որ ինքը պիտի վերադարձնի այդ գումարը, և ինքն իր ասածի տեր չի կանգնում», — նշում է Դանիելյանը։

Տունը կորցնելուն զուգահեռ գործարարը նաև խոշոր պարտքերի տակ է ընկել. մինչ այդ բանկից մեկուկես միլիոն դոլարից ավելի վարկ էր վերցրել՝ գրավ դնելով առանձնատունը։ Հույս ուներ գույքը վաճառել, վարկերը փակել. «Ես 3-4 ամիս վճարել եմ, քանի որ ինձ Գասպարյանը խոստացել էր, այսինքն՝ 3-4 ամիս հետո քո գումարը կտամ, բանկի վճարած գումարները կհաշվարկենք, 4 ամիս տեսա, որ գումար չի տալիս, դադարեցրեցի վարկի մարումը։ Ասում էր՝ 3 ամսում կտամ, հետո էլ ասաց՝ ես քեզ բան չունեմ տալու», — պատմում է Աղասի Դանիելյանը։
Ի վերջո, երբ գործարարն այլևս ի վիճակի չի եղել վարկի տոկոսները մարել, առանձնատունը դրվել է հարկադիր աճուրդի։ Զարմանալի զուգադիպությամբ այն գնել է Գասպարյանի գործընկեր, ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Ընդ որում, շուկայում երեք միլիոն դոլար գնահատվող տունն ի վերջո վաճառվել է երկու հարյուր հազար դոլարով։ Որոշ ժամանակ անց արդեն Զուլոյանը առանձնատունը նվիրել է ոստիկանապետի որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին։

«Նախապես կանխամտածված գործողություններ են եղել՝ աճուրդի են դրել 900 մլն դրամով, չի վաճառվել, հաջորդ օրը 800, հաջորդ օրը 700, և թողել են այնքան, որ դառնա 100 միլիոն դրամ, Էմիլ Զուլոյանն անընդհատ մասնակցել է ու 100 միլիոնի ժամանակ եկել, գնել է։ Սա նվիրատվության պայմանագիրն է, որ Զուլոյանը գնել է և նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն, քանի որ նա անչափահաս է, Վլադիմիր Գասպարյանն ու կինն իրենք են ստորագրել արդեն։ Մենակ սա չի, այնքան փաստեր ունենք», — ասում է նա։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ