![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ ուղղված իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը թվերով ներկայացրեց, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունն Արցախին տրամադրել է աննախադեպ ծավալի աջակցություն։
«2021 թվականի ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը 2 հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը, որ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին, երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։
Հիշեցնեմ, որ այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ոորոնք 1998-2018 թվականը եղել են իշխանության ղեկին, և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։
Այսօր ցանկանում եմ մեկնաբանություն անել առաջին և երկրորդ պնդման վերաբերյալ։
Առաջին թեզը, կարծում եմ, հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով, որոնց մասին խոսել ենք մի քանի անգամ։ 2021-22 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության։
Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117․9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում։ Այս գումարից 57․8 միլիարդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել։
2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։
Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում։
«2022 թվականին արդեն Արցախին ՀՀ կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, ՀՀ կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 միլիարդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 միլիարդ դրամով»,- ասաց Փաշինյանը։
Այս միջոցներով, Փաշինյանի խոսքով, Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն։
Նա ընդգծեց, որ Հայաստանը եղել է և հիմա էլ Արցախի կողքին է։
Փաշինյանն անդրադարձավ նաև երկրորդ կետին։
«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով:
Նա նշեց, թե 1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական ու տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Փաշինյանը ևս մեկ մեջբերում արեց. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է «տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին շատ է խոսվել:
«Այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Լեռնային Ղարաբաղը», — ասաց նա:
Վարչապետը հայտարարեց, թե Ռորբետ Քոչարյանն ընդունել է , որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին: Ըստ նրա՝ այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:
«Արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս ու բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն», — ասաց վարչապետը:
![]()