Պատգամավորների զգալի մասը փողոցային պայքարը գլխովին ջախջախված է համարվում և առաջարկում է անհապաղ վերադառնալ ԱԺ

Բաղրամյան 26-ի տեղեկություններով ընդիմության շարքերում լրջագույն տարաձայնություններ կան փողոցային շարժման հետագա ճակատագրի հետ կապված։ Ընդ որում տարաձայնությունները ոչ միայն երկու ճամբարների միջև են, այլ նաև բուն Քոչարյանի և Սարգսյանի ճամբարների ներսում։ Պատգամավորների զգալի մասը փողոցային պայքարը գլխովին ջախջախված է համարվում և առաջարկում է անհապաղ վերադառնալ ԱԺ, որպեսզի գոնե կարողանան մանդատները պահպանել, որովհետև իշխանությունը լրջորեն մտադրված է բացակայությունների հիմքով մանդատից զրկել որոշ պատգամավորների։ Ընդ որում մանդատից զրկելու համար կան բոլոր օրինական հիմքերը և գործիքները ու ամեն ինչ կախված է իշխանության կամքից։

Վերադառնալուն կողմ են թե Քոչարյանի և թե Սարգսյանի խմբակցությունների պատգամավորների մեծ մասը։

Դաշնակների գլխավորությամբ պատգամավորների ավելի փոքր խումբ մտադրված է որևէ պարագայում չվերադառնալ ԱԺ և շարունակել փողոցային պայքարը։ Նրանք այս դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ վերադառնալու դեպքում ընդդիմությունը գլխովին կհեղինակազրկվի և այլևս շանս չի ունենա նույնիսկ 4 տարի հետո ընտրությունների միջոցով ԱԺ մտնել։

Ընդդիմության աղբյուրները հայտնում են, որ երկար վեճերից հետո որոշում է կայացվել շարժվել «և, և» ճանապարհներով։ Այսօրվա հանրահավաքի ընթացքում փողոցային պայքարի կողմնակից ընդդիմության առաջնորդները պատրաստվում են հայտարարել, որ մոտ երկու ամիս տևած պայքարը տվել է կարևոր արդյունքներ, և իրենք լոկալ վրանային պայքարից պատրաստվում են անցում կատարել առավել ընդլայնված պայքարի՝ ընդգրկելով ամբողջ Հայաստանը։ Այս հիմնավորմամբ նրանք կոչ կանեն հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից և ազատել երթևեկությունը։

Միևնույն ժամանակ պատգամավորների մյուս խումբը կհիմնավորի, որ ԱԺ-ում կարևոր զարգացումներ են սպասվում, և եթե ընդդիմությունը ներկայացված չլինի այնտեղ, իշխանությունը հնարավորություն կունենա առանց խոչընդոտ օրինագծեր ընդունել ու «հայրենիքը հանձնել թուրքին», ինչին խոչընդոտելու համար իրենք հաջորդ նստաշրջանից կվերադառնան ԱԺ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ