![]()
6000-ից ավելի բնակիչ ունեցող Ջերմուկում շուրջ մեկ տարի է՝ գինեկոլոգ չկա։ Հղիները ստիպված են լինում հասնել Վայք՝ հղիության վարման համար։
Civic.am-ի հետ զրույցում Ջերմուկ քաղաքի միակ առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ Մանուշակ Նալբանդյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ մասնագետների թափուր տեղերի մասին տեղեկացնում են Վայոց Ձորի մարզպետարանին, քանի որ առողջության կենտրոնը գործում է մարզպետարանի ենթակայության տակ․ «Մենք առաջնահերթ գինեկոլոգի կարիք ունենք։ Դիմել եմ նաև զբաղվածության կենտրոն՝ ասել են առայժմ չունենք համապատասխան կադր, մարզպետարանից էլ նույն պատասխանն են տալիս»,-ասաց նա։
Ջերմուկի առողջության կենտրոն ՓԲԸ գլխավոր բժշկի խոսքով՝ բացի գինեկոլոգից նաև բժիշկ-լաբորանտի կարիք ունեն, հիմա ժամանակավոր ընդունել են մասնագետ, բայց հիմնական աշխատող է պետք․ «Մեր բժիշկ-լաբորանտը առողջարանի բժիշկ է, առողջարանը ժամանակավոր չի աշխատում այդ պատճառով հիմա մեզ մոտ է, բայց մի գեղեցիկ օր կհեռանա ու այդ մասնագետի կարիքն էլ կունենանք։ Ժամանակին ամբուլատոր վիրաբույժ ենք ունեցել՝ համատեղությամբ էր աշխատում, հիմա վիրաբույժ էլ չունենք, թեպետ կենտրոնում վիրահատություններ չենք իրականացնում»։
Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլյա Կարապետյանն էլ նշեց, որ մարզպետարանը գինեկոլոգի և այլ մասնագետների թափուր հաստիքները համալրելու համար դիմել է առողջապահության նախարարություն․ «Մենք ամեն անգամ տալիս ենք մեր թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, իհարկե մենք էլ մարդկային տեսանկյունից հետաքրքրվում ենք տեսնենք ով կգա, առայժմ ոչ մեկը չեն գալիս։ Հիմա բժիշկները մարզեր չեն գնում, նույնիսկ տեղացի երեխաները, ոորնք ավարտում են ինստիտուտը գերադասում են մնալ Երևանում»։
Մարզպետարանի առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի տեղակալի խոսքով՝ Ջերմուկի առողջության կենտրոնում ծնունդներ չեն ընդունում՝ այդ պատճառով էլ գինեկոլոգի հաստիքի համալրման հրատապ պահանջ չեն ներկայացրել նախարարություն․ «Իրենց պայմանները համապատասխան չեն ծննդօգնության համար, իրենց մոտ գինեկոլոգն անհրաժեշտ է միայն հղիության վարման համար։ Իսկ հրատապ պահանջը ներկայացնում ենք վիրաբույժի, անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգ կամ ծննդօգնություն իրականացնող գինեկոլոգի մասով»,-հավելեց Լիլյա Կարապետյանն ու ընդգծեց, որ բժիշկների պահանջ ունեն ոչ միայն Ջերմուկում, այլև Վայքում՝ նյարդաբանի, հոգեբույժի, տրավմատոլոգի․ «Նեղ մասնագիտական հետազոտությունների համար Ջերմուկի բնակիչները գնում են Վայք, Եղեգնաձոր կամ Երևան»։
ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանն էլ անդրադառնալով խնդրին՝ հիշատակեց, որ 2 ծրագիր ունեն, որով փորձում են հնարավորինս ապահովել մարզերում մասնագետների բացը․ «Առաջինը նպատակային՝ կլինիկական օրդինատուրայի ծրագիրն է։ Պետությունն այս ծրագրով յուրաքանչյուր տարի տարբեր մասնագիտությունների մասով 58 տեղ է տրամադրում, իսկ նախկինում՝ երեք տարի առաջ 50 տեղ էինք տրամադրում։ Բոլոր մարզերից պահանջարկը հավաքում ենք ու ձևավորում ենք տեղերը։ Բժշկական համալսարանի օրդինատուրան անվճար ավարտող ուսանողները, որոնք ընթացքում նաև կրթաթոշակ են ստանում, մեզ հետ պայմանագիր են կնքում՝ ավարտելուց հետո որևէ մարզում 3 տարի ժամկետով աշխատելու մասին։
Եթե հրաժարվում են մարզում աշխատելուց կրթության ամբողջ գումարը, կրթաթոշակը և 50 տոկոս տուգանքը հետ են տալիս պետությանը»։ Քրիստինա Գյուրջյանի խոսքով՝ այս ծրագրի հիմնական քաղաքականությունն ուղղված է նրան, որ արդեն իսկ ավարտած բժիշկը, եթե տվյալ մարզի բնակիչ է՝ ապա նշանակվի հենց իր մարզում՝ մարզային կցագրում արվի, որպեսզի ոչ թե 3 տարի, այլ երկար ժամկետով աշխատի և բնակարանի խնդիր էլ չունենան․ «Այս ծրագրով մարզերի մասնագետների 48 տոկոս բացը լրացնում ենք տարկեան կտրվածքով, որովհետև օրդինատուրայի տևողությունը ըստ կրթական ծրագրի տարբեր է և 58 ուսանողից մոտ 30-35 ուսանող է տարեկան ավարտում»,-հավելեց նա։
Քրիստինա Գյուրջյանը խոսելով մարզերի բժշկական կենտրոններում մասնագետներ ապահովելու երկրորդ ծրագրից՝ ասաց, որ այն ուղղված է հիվանդանոցային կառույցների մասնագետների հրատապ պահանջը բավարարելուն, որոնք մասնակցում են վիրահատություններին․ «Այս ծրագիրը կարճաժամկետ է, բժշկական կազմակերպություններից բժիշկներին առաջարկում ենք լավ պայմանններով տեղափոխվել մարզեր և 3-6 ամսով կոմպենսացնել պահանջը, բայց գործող բժիշկները դժվարությամբ են համաձայնվում, թեպետ այդ պարագայում 2 տեղից ֆինանսավորվում են»։
ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետն ընդգծեց, որ ՀՀ մարզերում մեծ պահանջարկ կա ընտանեկան բժշկի, թերապևտի, ռեանիմատոլոգի, մանկաբույժի և առաջնահերթությունը հիմնականում տրվում է սահմանամերձ բնակավայրերին։
![]()