«Իմ սխալների քանակն այնքան քիչ է՝ համեմատած իմ հաղթանակների հետ». Ռաֆայել Քոթանջյան

«Յուրաքանչյուր վայրկյան պետք է ապրես հավուր պատշաճի, այնպես, որ հետո երբեք չամաչես, չխուսափես այդ վայրկյանները հիշելուց»,- վերջին հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նա նշել է, որ կյանքի ոչ մի վայրկյանն անիմաստ չի ապրել, բոլոր պահերը հագեցած են եղել նվիրումով. «Իմ կատարած սխալների քանակն այնքան քիչ է՝ համեմատած իմ հաղթանակների հետ»,- ասել է դերասանը:

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը, հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միությունը. «Տասնամյակներ շարունակ Ռաֆայել Քոթանջյանի անկրկնելի արվեստը հարստացրել է մեր մշակույթը, հարստացրել է հայ կինոն ու հայ թատրոնը: Նրա կերտած դերերը դարձել են սիրելի, նրա կերպարները՝ հարազատ»:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ. աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ