![]()
Երկու օր անց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կխոսի այդ մասին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի մեկ-երկու նախադասության ընթացքոււմ ասել է երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ընդդիմության շարժման արդյունքի մասին հարցին: Սերժ Սարգսյանն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: ՀՀԿ նախագահ Սարգսյանը փաստորեն առաջին անգամ հնչեցնում է այն, ինչ չէր ասվել մինչև այժմ: Մինչ այժմ, ավելի քան մեկուկես ամիս տևող ակցիաների ընթացքում որևէ գործիչ չէր հայտարարել, թե ով է ընդդիմության առաջնորդը: Այդ հարցերին, որ հնչել են տարբեր հարթակներից, սովորաբար տրվել են հնարավորինս խուսափոխական, խուսանավող պատասխաններ: Որևէ մի գործիչ, որ ներկայացնում է ընդդիմությունը, կամ ընդդիմության համակիր մեդիա-փորձագիտական որևէ շրջանակ չի խոսել առաջնորդի մասին:
Սերժ Սարգսյանն այդ առումով փաստորեն առաջինն է, որ հայտարարում է՝ ընդդիմության առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է: Ընդ որում, մինչ այժմ որևէ մեկը կարծես թե չի էլ հերքել Սերժ Սարգսյանին և ասել, որ առաջնորդը Իշխան Սաղաթելյանը չէ: Մյուս կողմից, Սարգսյանն ասել է մի բան, տվել է մի ձևակերպում, որը հերքելը կստեղծի բավականին անլուրջ իրադրություն: Մյուս կողմից սակայն, թերևս այդքան էլ լուրջ չի հնչում այն, որ ընդդիմության առաջնորդը Սաղաթելյանն է: Իհարկե այստեղ խնդիրը Սաղաթելյանի անձը չէ, այլ նրա քաղաքական հետագիծն ու տրամաչափը, ու նաև այն ուժի ներսում հարաբերությունների տրամաբանությունն ու պատմությունը, որ կազմում է փողոցի շարժման առանցքը:
Ի վերջո, այդ ամենը հիանալի պատկերացնում են բոլորը, ըստ այդմ հազիվ թե որևէ մեկը լրջորեն պատկերացնի և հավատա այդ պատկերացմանը, որ առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն նրան նշանակում է առաջնորդ, այդ կերպ մատուցելով անակնկալ: Ընդ որում, պարզ էլ չէ՝ դա հաճելի՞ անակնկալ է, թե ոչ: Որովհետև, եթե չի փոխվում ներքաղաքական այն պատկերը, որ կա փողոցի շարժման՝ փաստորեն Իշխան Սաղաթելյանի առաջնորդությամբ գրեթե երկամսյա շարժման արդյունքում, ապա ստացվում է, որ առաջնորդը դառնում է նաև այդ արդյունքի կամ դրա խոսուն պատկերի բացակայության գլխավոր պատասխանատուն:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին նշանակում է գլխավոր պատասխանատու: Այստեղ թերևս ուշագրավ է հիշել, որ իրադարձությունները մեծ հաշվով սկսեցին Պատիվ ունեմ դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից, որը Զատկի կիրակի հայտարարեց Ազատության հրապարակում պայքար սկսելու և այլևս տուն չգնալու մասին: Ստացվում է, որ «Պատիվ ունեմ»-ը սկսում է մի գործընթաց, որի մեղմ ասած անարդյունավետության համար ՊՈՒ դաշինքի փաստացի առաջնորդ Սերժ Սարգսյանը «պատասխանատու» է նշանակում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի ներկայացուցչին:
![]()