![]()
Հիշու՞մ եք ընդդիմության նախորդ «փրկության» ամսաթվերը՝ մայիսի 1, մայիսի 9, հունիսի 3։ Ահա ուրեմն այս շարքը համալրվել է նոր «վճռականով»՝ հունիսի 14։ Իշխան Սաղաթելյանը նույնիսկ ոգեշնչող հոլովակ է հրապարակել և խոստացել է, որ այդ օրն իրենք «փրկելու են Հայաստանը թրքացումից, իսկ Արցախը հայաթափումից»։
Սակայն այս անգամ մի շատ կարևոր տարբերություն կա։ Երեկ Սերժ Սարգսյանն այս կլոունադադան ամբողջությամբ գցեց Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի գրպանը։ Սարգսյանը նույնիսկ «ընդդիմության առաջնորդ» անվանեց Իշխան Սաղաթելյանին, այնուհետև հայտարարեց, որ ընդդիմության առաջնորդ Սաղաթելյանը հունիսի 14-ին կներկայացնի, թե ինչպես են հասնելու «ցանկալի արդյունքների»։
Ով քիչ թե շատ ծանոթ է Սարգսյանի և Քոչարյանի հարաբերություններին, գիտի, որ դրանք շատ մոտ են թշնամականին։ Այս թշնամության նախապատմությունը շատ խորն է, այժմ չանդրադառնանք։ Եվ ուրեմն ի՞նչը պետք է դրդեր Սարգսյանին ընդդիմության միասնական պայքարը սկուտեղի վրա նվիրել Քոչարյանին՝ Սաղաթելյանի տեսքով։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանի ակնարկած «ցանկալի արդյունքները» հանրապետականները պատրաստ են այդքան հեշտությամբ նվիրել Քոչարյանին և դաշնակներին։ Պատասխանն ակնհայտ է։
Իրականում չկա և չի լինելու ընդդիմության համար «ցանկալի արդյունք»։ Փոխարենը լինելու է հերթական «վճռական» ձախողում հերթական խոստացված ամսաթվին։ Պարզապես Սարգսյանը ողջ ձախողման պատասխանատվությունը խորամանկորեն դրեց դաշնակների և խորտակվող Քոչարյանի վրա։
Աղբյուրը՝ Բաղրամյան26
![]()