![]()
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյան ֆըյսբոգքյան իր էջում գրել է. Արթուր Վանեցյանը, ով իր ղեկավարած խմբակցության անվանում է դրել «Պատիվ ունեմ»-ը, կարծես թե շահել է իրեն վիրավորանք հասցնելու քաղաքացիական գործը։
Այստեղ ո՞րն է հարցը․ ոչ ամենևին այն, որ «անհայրենիք» բառից մարդ չպետք է վիրավորվեր։ Ոչ։ Այդ հարցին պատասխանելու համար թերևս անհրաժեշտ կլինի ծանոթանալ գործի բոլոր նյութերին։
Հարցը շատ ավելի խորն է․ 1․5 տարի է ինքը՝ պարոն Վանեցյանը և իր հետ գաղափարապես համախոհները, փողոցներում, եթերներից, սոցիալական ցանցերում հասարակական լայն շրջանակներին անավնարկել են ամենատարբեր բառերով՝ ժեխ, զոմբի, վկա, դավաճան, թուրք և այլն․․․ Վիրավորանքի ինստիտուտի առանձնահատկությունն էլ այն է, որ այն պետք է միաժամանակ բավարարի հետևյալ բոլոր պայմաններին՝ վիրավորանքի հասցեականություն, դրա իսկապես վիրավորանք լինելը, հրապարակային լինելը։
Եթե հանրության այդ սեգմենտի որևէ քաղաքացի իրեն հասցրած վիրավորանքների համար դիմի դատարան ու ասի, որ վիրավորանք է հասցվել, ապա մյուս կողմն իր դատավորներով, փաստաբաններով կռուտիտ-մուղամներով կապացուցեն, որ ասվածն առնվազն մի պայմանի չի բավարարում՝ կոնկրետությունը։ Կոպիտ ասած՝ «ինչո՞ւ ես քո վրա վերցրել, ինքը քեզ չի ասել» կամ «գնահատողական դատողություն է»… Սա՝ եթե անգամ չունեն ինձ բաժին հասած դատավորների նման մի «խիզախ» խիզանի, որը նրանց փոխարեն ամեն ինչ կանի․․․․
Ու, հավատացեք, կմնան անպատիժ, քանի որ վիրավորանքի ինստիտուտի մեկ պայման բավարարված չէ․․․ Ու կստացվի, որ այն մարդիկ, ում փողոցներում շատ հստակ, բայց ոչ անձնավորված վիրավորում են, նրանք անպաշտպան են, նրանք դատական եղանակով չեն կարող պաշտպանել իրենց արժանապատվությունը, քանի որ երբ պահը եկավ՝ արարքի կատարողը դատարանում արդարանալու և «հիմնավորելու» է, որ իրեն չի ասել դա, ընդհանուր է ասել, հավաքական ինչ-որ կերպարի․․․ Ես իմ գործերից շատ հստակ մեջբերումներ եմ անում, հավատացեք․․․ Հենց այս պահին քննվող գործերից մեկից․․․ Անցած նիստում իր խոսքերն այդպես էր «մեկնաբանում» իմ հայցով պատասխանողներից մեկը․․․
Ինչու գրառումը սկսեցի Արթուր Վանեցյանի խմբակցության անվան շեշտումով։ Որովհետև այս իրավիճակում հույսը գոնե պետք է լիներ պատվի, արժանապատվության զգացումը․ երբ գիտես, որ դու և քո շրջապատը ավելի դաժան, կոպիտ բառերով ես աջուձախ վիրավորանքներ հասցնում, շատ ավելի վատ բառեր օգտագործում քո թիմային կամ անհատական հրապարակային խոսքում, դա գիտակցող մարդը շատ ավելի թույլ բառի համար չպետք է դատարան դիմեր․․․ Որովհետև, ինչպես կասեր ժողովուրդը՝ «գյուղից մարդ չկա, ամոթ է»….Բոլորը հո՞ գիտեն, թե դուք ինչ եք ասել ու ասում մարդկանց, և այս գործը ցույց է տալիս, թե ով է «հաղթել դատարանում վիրավորվելու համար»…
Ու կարծում եք՝ սա «հաղթանա՞կ» է։ Իհարկե՛ ոչ։ Որովհետև ոչ մի բանական մարդ չի հասկանալու, թե ինչու հանրության ահռելի սեգմենտի հանդեպ ավելի վատ բառեր գործածող թիմի ղեկավարը կարող է վիրավորվել իրենց բառերի համեմատ շատ ավելի թույլ, ավելի «անշառ» բառերից։
Հանուն արդարության, սա շատ նման է իմ և Մարինա Խաչատրյանի դատական գործին․ ամբողջ հանրությունը տեսել է, թե նա իր հանրային խոսքում ինչ բառեր է օգտագործել, ինչ վիրավորանքների տարափ տեղացել երկրի ղեկավարից մինչև մյուսները, ինչպես կարող է օտար, չճանաչած տղամարդկանց խիստ որոշակի «ասոցիացիաներ առաջացնող» իրեր ու անպարկեշտ նկարներ բերել, բայց արի ու տես, նա էլ «վիրավորվել է»,երբ ստացել է շատ ավելի անհամարժեք բառերով պատասխան։
Ու հայոց դատավորները, այսպես, տառից կառչած չեն նայում, ինչ վճիռներ են արձակում, չեն էլ խորանում, թե ո՞վ է ինքզինքը«տուժողի» աթոռին նստեցնում, գանգատվում, թե իրեն վիրավորել են, չեն էլ ուզում հասկանալ, որ իրենց վճիռները չեն ընդունվելու հասարակության կողմից, որովհետև մոռանում են, որ հասարակությունն ինքն ամենամեծ դատավորն է ու շատ հրաշալի հետևում է, թե ո՞վ, ե՞րբ և ի՞նչ է ասել ու ասում․․․
Հարգելի և որոշ անհարգելի դատավորներ,
Մի զարմացեք, որ ձեր ու դատական համակարգի նկատմամբ հավատը այսքան գահավիժած է։ Շարունակեք «թղթերով» ճիշտ համարել այն, ինչ ուզում եք, բայց որևէ մեկը պարտավորություն չունի ձեր կայացրած վճիռը համարել արդարադատության իրականացում։ Այո, ստիպված կատարելու են վճիռները։ Բայց ձեր իրականացրածին արդարադատության չեն անվանելու․․․
Մտածեք, որովհետև կյանքը դեռ դեմն է ու միշտ դեմն է, և ոչ թե անցյալում․․․
![]()