![]()
70 տարի գահին կամ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի «պլատինե հոբելյանը». 2022 թվականը հոբելյանական տարի է ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև բոլոր բրիտանական համագործակցության երկրներում: 70 տարի է անցել այն օրից, երբ Եղիսաբեթ 2-րդը հոր՝ թագավոր Ջորջ 6-րդի մահվան օրը հռչակվեց թագուհի, իսկ ամիսներ անց՝ 1952 թվականի հունիսի 2-ին, թագադրվեց: Եղիսաբեթ 2-րդը այս տարի դառնում է առաջին թագուհին, որ տոնում է գահակալման պլատինե հոբելյանը: Դեռևս 10 տարի առաջ, երբ մեծ շուքով նշվեց թագուհու գահակալման «ադամանդե հոբելյանը»՝ թագադրության 60 տարին, շատերն էին միաբերան հայտարարում` «աննախադեպ երևույթ է»:
Արդեն 6 տարի է՝ Եղիսաբեթ 2-րդը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետը: Նա 96 տարեկան է:
Բացառիկ է տարին, բացառիկ են նաև տոնակատարությունները: Հաշվի առնելով այն մեծ սերն ու համակրանքը, որ կա ամբողջ աշխարհում Եղիսաբեթ 2-րդի նկատմամբ` տոնական միջոցառումներ, ըստ էության, ամբողջ աշխարհում են կազմակերպվում:
Բացառություն չէ նաև Հայաստանը: Մայիսի 31-ին Բրիտանական դեսպանությունը գործընկեր կազմակերպությունների, այդ թվում «Tateossian London» զարդերի խանութ-սրահի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, ընդունելություն է կազմակերպել` նվիրված թագուհի Եղիսաբեթ II-ի 96-րդ տարեդարձին։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, դիվանագիտական կառույցների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Դիմելով ներկաներին` ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանը հայտարարել է` Նորին Մեծություն թագուհին օրինակելի դեր է ունեցել և շարունակում է ունենալ Միացյալ Թագավորության իր քաղաքացիների համար։ Ջոն Գալագերի խոսքով` թագուհին նաև կնոջ օրինակելի կերպար է.
«Հայաստանին ևս բախտ է վիճակվել ունենալ կանանց բազմաթիվ օրինակելի կերպարներ։ Ես իսկապես հպարտ եմ, որ Բրիտանական դեսպանատունը ծրագրերի ֆինանսավորման և կարողությունների զարգացմանը նպաստելու միջոցով աջակցություն է տրամադրում իրապես ոգեշնչող կանանց, ովքեր նվիրված են Հայաստանի ապագայի կառուցմանը։ […] Եվ ինչպես Նորին Մեծություն թագուհին է 70 տարի շարունակ եղել տոկուն գործիչ, և հուսով եմ, որ դեռ երկար կլինի, այդպես էլ վստահ եմ՝ տևական կլինի Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը»,-ասել է դեսպանը։
Այս տարին հոբելյանական է նաև Հայաստանի ու Միացյալ Թագավորության գործընկերության համար: Երկու երկրները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը։ Կազմակերպված միջոցառմանը որպես պատվավոր հյուր մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Միացյալ Թագավորությունը նորանկախ Հայաստանի պետականաշինության ճանապարհին կարևոր գործընկեր է եղել և այսօր էլ իր ավանդն է բերում մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և օրենքի գերակայության ամրապնդմանը»,-ասել է Հայաստանի փոխվարչապետը։
Երեկույթը նաև գեղարվեստական երանգավորում է ունեցել: Տոնակատարության յուրահատուկ մաս է կազմել հայազգի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից Նորին Մեծության գահակալության տարբեր փուլերում արված լուսանկարների ցուցադրումը: Միջոցառման ամբողջ ընթացքում սրահում ցուցադրված են եղել նաև երեկոյի կազմակերպման աջակիցներից «Tateossian London» զարդերի խանութ-սրահի ինքնատիպ և յուրօրինակ ոճով զարդերը, որոնք ևս բարձրաշխարհիկ հմայքով իրենց հայկական փայլն են հաղորդել միջոցառմանը: Ի դեպ, «Tateossian London»-ը համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ է: Ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը ծավալում է արդեն ավելի քան 10 տարի:
Այս տարիների ընթացքում Հայաստանում «Tateossian London»-ի պաշտոնական ներկայացուցչությունը հասցրել է մայր բրենդի հետ համատեղ թողարկել «Հայկական ժառանգություն» հավաքածուն և «Ճարմանդների արքա»-ի ապրանքանիշը Հայաստանում դարձնել առաջատարներից մեկը:
Ելույթներից ու ցուցադրություններից բացի թագուհի Եղիսաբեթ 2-րդի 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում հնչել են բրիտանական և հայկական երաժշտական կատարումներ, մատուցվել են բրիտանական ավանդական ուտեստներ և խմիչք:
![]()
![]()
![]()
![]()
![]()