Ռոբերտ Քոչարյանի ընկերը պատասխանատու չէ՞.

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սաղաթելյանը հայտարարել է, որ «Փաշինյան-Ալիև դավադիր պայմանավորվածությամբ» կառուցվում է նոր ճանապարհ՝ Հայաստանից Արցախ, որը շահագործման հանձնելուց հետո մենք կորցնելու ենք Բերձորը, նաև Արցախ գնացող կոմունիկացիաներն են անցնելու Ադրբեջանի հսկողության տակ: Հայաստան դաշինքի ներկայացուցիչը բարձրաձայնում է մի բան, որն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որի վերաբերյալ նույն քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է, թե իշխանության գալուց հետո էլ չի կարող որևէ բան փոխել դրանում՝ եղածը եղած է: Չգիտես ինչու, խոսելով Փաշինյան-Ալիև «դավադրության» մասին, Հայաստան դաշինքի անդամը չի խոսում երրորդ կողմի մասին, որի ստորագրությունն առկա է նոյեմբերի 9-ի թղթի տակ, այն թղթի, որում գրված է Հայաստանից Արցախ Լաչինով անցնող ճանապարհի փոխարինման մասին: Երրորդ կողմը Պուտինն է, բայց «Հայաստան» դաշինքի անդամը չի հայտարարում, որ «դավադրության» մասնակից է նաև Պուտինը:

Ինչու՞: Այդ հարցը մի կողմից ունի պարզ պատասխան, մյուս կողմից հարցի պատասխանը երևի թե այնքան էլ պարզ չէ: Պարզ չէ այն իմաստով, որ Պուտինի անունը չի հնչում գուցե ոչ միայն նրանից այսպես ասած զգուշանալու համար, կամ այն պատճառով, որ նա Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է: Պուտինի անունը չի հնչում գուցե այն պատճառով, որ բացարձակապես չկա տեղի ունեցողը կանխելու որևէ մտադրություն, փորձ անգամ, որքան էլ հայտարարվում է, թե պետք է կանխել, որպեսզի չկորցնենք Բերձորը:

«Հայաստան» դաշինքի համար հարցն ընդամենը առիթ է քարոզչական դաշտում խաղարկելու համար, իսկ Պուտինի անունը չի տրվում, որպեսզի հանկարծ չհայտնվի որևէ բիծ: Համենայն դեպս այլ կերպ տարակուսելի է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ թղթի վրա արդեն մոտ երկու տարի գրվածի իրագործման առնչությամբ ահազանգ բարձրացնող ընդդիմությունը չի տալիս այդ ամենի թերևս առանցքային պատասխանատուի՝ ՌԴ նախագահի անունը, չի փորձում նրան դնել պատասխանատվության առաջ՝ իհարկե ամենևին ոչ Հայաստանի քաղաքական ղեկավարության պատասխանատվության հաշվին: Բայց, երբ ակնառու պատասխանատվության շրջանակը թողնվում է թերի, նույնքան ակնառու է դառնում այն, որ խնդիրը որևէ բան կանխելը չէ, այլ խաղարկելը՝ քաղաքական նկատառումներով, «քոքի» տրամաբանության շրջանակում, զուգահեռ փաստորեն գործը շարունակելու «քարտ-բլանշ» տալով պատասխանատվության հասցեագրումից դուրս մնացող կողմին: Իսկ հարցն իրապես լուրջ է և ընդդիմությունն այդ առումով կարող է օգտակար լինել այդ հարցում Հայաստանի ոււ Արցախի համար էական հարցերի պաշտպանության գործին, կապված թե Աղավնոյի հետ, թե հաղորդուղիների՝ գազ, էլեկտրաէներգիա, թե ընդհանրապես այդ ամենի հարցում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության հարցերի, հատկապես նկատի ունենալով, թե ինչպես է այդ պատասխանատվությունը տապալվել օրինակ գազամատակարարման հարցում:

Ադրբեջանն օրեր շարունակ թույլ չէր տալիս Լաչինի միջանցքով գազի առաքումը Արցախ, թեև նույն նոյեմբերի 9-ի համաձայնագրով պարտավորված է ապահովել բեռների և ապրանքների անարգել առաքում: Բայց, այդ հարցում օգտակար լինելու համար ընդդիմությունը պետք է պատրաստ լինի պատասխանատու կողմերի շրջանակի հստակ հասցեագրումների, ինչը տվյալ պարագայում նշանակում է նաև Ռուսաստանի և նրա նախագահի պատասխանատվության մատնանշում: Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, նոր ճանապարհը պետք է կառուցվի 3 տարվա ընթացքում: Անցել է մեկուկես տարի: Ադրբեջանը փորձում է անել դա հնարավորինս շուտ: Հայկական կողմը թերևս չունի շտապելու կարիք, բայց նաև չպետք է հապաղի դրա հետ կապված «վերատեղակայումների» օրակարգի իր շահերը պաշտպանելու գործում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ