![]()
«Դիմադրություն» շարժումն այսօր ակցիա իրականացրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի առջև, որտեղ այդ պահին ընթանում էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ի տարբերություն մյուս երկների ներկայացուցիչների այցելությունների, որոնց ժամանակ ընդդիմությունը փորձում էր շրջափակել այն շենքերը, որտեղ տեղի էին ունենում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումները, ընդդիմությունն այս դեպքում չփորձեց շրջափակել ԱԳ նախարարության շենքը կամ ճեղքել ոստիկանական շղթան։
Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե պատրաստվում են հաղթահարել ոստիկանական պատնեշն ու շրջափակել Արտաքին գործերի նախարարության շենքը՝ չթողնելով Լավրովին դուրս գալ այնտեղից, ասաց, որ այսօր իրենց նպատակը շենք շրջափակելը չէ։
Գեղամ Մանուկյանն էլ Սաղաթելյանի միտքը շարունակելով նշեց, որ «տարբերություն չկա՝ նույն Խորվաթիայի և Լիտվայի նախագահների այցի ժամանակ էլ նպատակ չեն ունեցել շրջափակել շենքը»։
Ընդդիմադիր լիդերները բարձրախոսով ելույթներ ունեցան, ներկայացնելով իրենց տեսակետները, հավանաբար, հույս ունենալով, որ Լավրովը ԱԳ նախարարության շենքից կլսի իրենց կամ գոնե հետո կնայի տեսագրությունը։
Հայկ Մամիջանյանը տարակուսանքը հայտնեց, թե ինչպե՞ս կարող է ՌԴ արտաքին գործերի նախարարը հանդիպել այն մարդկանց հետո, որոնք տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը։
Լավրովի դիմավորումն այսքանով ավարտվեց։ Ընդդիմադիրները ԱԳ շենքից երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ՝ միսսիան այսքանով ավարտված համարելով։
Ճանապարհին, Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ՌԴ գլխավոր դիվանագետից չպահանջեցին դատապարտել հունիսի 3-ի ոստիկանական գործողությունները, ինչպես դա արեցին, օրինակ, ԵՄ դեսպանատան մոտ՝ պահանջներ ներկայացնելով դեսպան Անդրեա Վիկտորինին։
Չնայած դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանի և Գեղամ Մանուկյանի պնդումներին, թե, օրինակ, Լիտվայի նախագահի այցի ժամանակ նպատակ չեն ունեցել շրջափակել Կառավարության շենքը և թույլ չտալ նախագահին մուտք գործել Կառավարության շենք և տարբերություն չկա իրենց գործողություններում, այնուամենայնիվ կան ձայնագրություններ, որոնցում հստակորեն արձանագրված են, թե ինչ նպատակներով էին ընդդիմադիրները հավաքվել Կառավարության շենքի առջև, իսկ Լիտվայի նախագահն էլ շենք մտավ Կառավարության շենքի հետևի մուտքից։
Հավանաբար ընդդիմադիրները մոռացել են, որ դրսում 21-րդ դարն է, և տեխնիկական միջոցները թույլ տալիս են արձանագրել, թո ով, երբ ինչ է ասել կամ արել։
Մանրամասն՝ տեսանյութում:
![]()