![]()
Հունիսի 3-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կար ոչ խաղաղ մոտեցում, բռնության նպատակադրում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այդ օրվա միջադեպի վերաբերյալ նաև պարզաբանում են խնդրել ոստիկանությունից։
«Ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարները քարեր ու տարբեր առարկաներ են նետել: Մենք արձանագրել ենք, որ խաղաղ հավաքի խաղաղ ընթացքը չի ենթադրում նման տեսակ բռնության կիրառում։ Միևնույն ժամանակ պահանջել ենք ոստիկանությունից պարզաբանումներ՝ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, ոստիկանությունը ինչ չափանիշներով է գնահատել դրանց կիրառումը, որովհետև ոստիկանության մասին օրենքը պահանջում է՝ ոստիկանությունը անհրաժեշտ նվազագույնի տրամաբանությամբ գնահատի իրավիճակը և հատուկ միջոցի մասին նախազգուշացնի նախապես, սակայն այդ նույն օրենքը հնարավորություն է տալիս առանց նախազգուշացնելու կիրառել հատուկ միջոցը, եթե դա անհրաժեշտություն է և բխում է իրավիճակից։ Ոստիկանության պարտականությունն է, ըստ օրենքի, գնահատել իրավիճակը նման դեպքերի ժամանակ»,- նշեց ՄԻՊ-ը։
Ըստ նրա՝ ոստիկանությունից նաև տեղեկատվություն են պահանջել՝ հունիսի 3-ի իրադարձություններից հետո՝ ոստիկանական որևէ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կամ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ ՄԻՊ-ը դեռ պատասխան չի ստացել։
«Հունիսի 3-ին մենք տարածել ենք մեր ամփոփումը, արձանագրել ենք նաև, որ որոշ տեղերում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է անհամաչափ։ Երբ ոստիկանության օրինակելի պահանջը չկատարած անձին ոստիկանությունը բերման է ենթարկում, այդ պահին կիրառված ուժը տեղին չէ։ Այդ օրը բերման ենթարկված անձանց մարմնի վրայի հետքերը նույնպես վկայում են, որ կար անհամաչափ ուժ»,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով ոստիկանական գործողությունների մասին՝ վերջինս նշեց՝ Հայաստանի ոստիկանությունը պետք է կարողանա ամբոխի կառավարման ճիշտ մարտավարություն իրականացնել։
«Իրականում պետք է օբյեկտիվորեն հասկանալ այս անհնազանդության ակցիաների տևողականությունը։ Ոստիկանությունը գործում է շատ ծայրահեղ և բևեռացված մթնոլորտում։ Ոստիկանության համար որևէ նման անհնազանդության ակցիա հեշտ առաջադրանք չէ։ Հունիսի 3-ից հետո հայտարարվեց, որ որոշ քրեական վարույթներ կան հարուցված ոստիկանական ծառայողների դեպքում։ Մեր պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք քննվի ու պատշաճ գնահատական տրվի ոստիկանական ծառայողի գործունեությանը։ Պետք է հետևողական լինենք նաև, որ չկրկնվեն այս դեպքերը»,- ասաց նա։
ՄԻՊ-ը շեշտեց՝ ոստիկանության ծառայողի համար պահանջվում է ծայրահեղ զսպվածություն, ոստիկանի կերպարը պետք է լինի հաղորդակցության ու երկխոսության, տակտիկաների ու սառնասրտության կերպար։ Մեր ոստիկանները այս առումով դեռ անելիք ունեն։
Նշենք, որ հունիսի 3-ին Պռոշյան փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:
![]()