«Պետք է կենտրոնանալ մի նպատակի շուրջ՝ հնարավորինս ոչ ցավոտ կարգավորումներով Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, Արցախը պահել հայկական».Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

–Արցախյան խնդիրը հատկապես 2020 թվականի պատերազմից հետո կրկին դարձել է հայաստանյան ներքաղաքական դաշտի տարբեր շահարկումների առարկա։ Օրերս «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Արցախին բանակցություններից հանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունն առաջին փաստաթուղթն է, որի տակ չկա Արցախի Հանրապետության ստորագրությունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։ Քաջածանոթ լինելով բանակցությունների պատմությանը, ինչքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը։

-Նոյեմբերի 9/10-ի փաստաթուղթը բանակցային չէ, զինադադարի համաձայնություն է։ Դրանով ամեն ինչ ասված է։ Արմեն Ռուստամյանը երևի մոռանում է, որ 1994-ի հրադադարի համաձայնություն ստորագրվել է կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի մակարդակով, իսկ նոյեմբերի 9/10-ի Հայտարարության տակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրությունն է։ Իսկ թե ինչու՞ առաջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ որպես պատերազմած կողմի, սուբյեկտությունը մսխվեց՝ բոլորովին այլ հարց է։ Միայն կուզենայի հիշեցնել, որ 2008 նոյեմբերի 2-ին Հայաստանը և Ադրբեջանը նախագահների մակարդակով Մայենդորֆյան փաստաթուղթ են ստորագրել՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր և չեմ հիշում, թե հարց բարձրացած լինի՝ ինչու՞ ԼՂ-ն Մայենդորֆյան հռչակագրի կողմ չէ։ Բայց ի՞նչ իմաստ ունի անցյալի թերությունների հիշատակումը, իրական քաղաքական գործընթացների վրա դա որևէ ազդեցություն չունի, չի կարող ունենալ։ Միայն խորացնում է ներքին բաժանումը, ավելի կազմալուծում մեր առանց այդ էլ նվազ ուժերը, վատնում ռեսուրսներ։ Պետք է կենտրոնանալ մի նպատակի շուրջ՝ ինչպե՞ս հնարավորինս ոչ ավելի ցավոտ կարգավորումներով Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, հայկական պահել Արցախը։

– Այն, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չունի լայն աջակցություն արդյոք վկայում է այն մասին, որ հասարակության մեծամասնությունը կողմ է արցախյան հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը։

-Եթե ես իմանայի, թե ԼՂ հարցում որն է իշխանությունների քաղաքականությունը՝ գոնե մոտավոր ճշտության պատասխան կունենայի։ Մի բան է՝ ինչ-որ տեսլական հռչակել, բոլորովին այլ՝ ունենալ դրան հասնելու ճանապարհային քարտեզ, գործիքակազմ։ Քաղաքականությունը, իմ ընկալմամբ, այն է, երբ գիտես որ կետից որտեղ պիտի հասնես, ինչ միջոցներ են պետք դրա համար։ Թե չէ թղթի վրա կարելի է շատ բան գրել կամ ամբիոնից հայտարարել։ Իսկ ընդդիմությանը ես չէ, որ պիտի գնահատական տամ։ Հայաստանի քաղաքացին է որոշում։ Եվ այդ իմաստով պատկերը չափազանց պարզ է։ Բայց ես դա չէի կապի ԼՂ հարցում գործող իշխանությանը սատարելու հանրային տրամադրվածության հետ։

–Ստեփանակերտի ու Երևանի մոտեցումներն այս հարցում ինչքանո՞վ են համընկնում։ Օրերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Եվրամիությունն արցախյան հարցով չպետք է զբաղվի։ Արդյոք Ստեփանակերտը կարող է առարկել բրյուսելյան միջնորդությանն այս փուլում և այդ կոշտ մոտեցումն օգտագործվի ՀՀ իշխանությունների կողմից՝ հնարավոր զիջումներից հրաժարվելու համար։

-Իսկ ո՞վ է քաղաքական ձևակերպում տվել, թե որն է Ստեփանակերտի մոտեցումը։ Խմբակցությունները մեղավոր են նշանակել Հայաստանի իշխանություններին և համարում են, որ իրենց առաքելությունը կատարե՞լ են։ Հիմա էլ անցնում են բանակցային հարթակներին վերագրումների՞։ Չպետք է մոռանալ, որ անցյալ դեկտեմբերին Փաշինյանը և Ալիևը Բյուսել մեկնեցին՝ Մոսկվայում ստանալով Ռուսաստանի նախագահի «օրհնությունը»։ Այն, ինչ ասում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կամ արտգործնախարար Լավրովը, դեռևս բավարար չէ, որպեսզի Ստեփանակերտում միանշանակ պնդեն, որ ԼՂ կարգավորման հարցում Բրյուսելի և Մոսկվայի մոտեցումները տարբերվում են, մեկը մյուսից նախընտրելի է։ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, իհարկե, դիվանագիտական ռեսուրս է, բայց խորքային իմաստով, որքան թույլ են տալիս իմ անձնական դիտարկումները, Ռուսաստանը և Եվրամիությունը չեն սպառել երկխոսության վերջին պաշարները։

-Առհասարակ Եվրամիության միջնորդությունն առանց Ռուսաստանի ինչքանո՞վ է հնարավոր։ Մոսկվան իր ձեռքից նման հարցի միջնորդությունը կարո՞ղ է «բաց թողնել»։

-Ռուսաստանը կանխածրագրում է ՀԱՊԿ և ԱՊՀ անվտանգային համակարգ, խոսվում է «Մեծ Եվրասիա» նախագծի մասին։ Խնդիրը Թուրքիայի աշխարհաքաղաքական կողմնորոշումն է։ Եթե տեղի ունենա ռուս-թուրքական «մեծ գործարք»՝ Ադրբեջանով հանդերձ, ապա ո՞րն է ԼՂ կարգավորման ռուսաստանյան սցենարը։ Եթե դա չի ստացվում, և Ադրբեջանը ներգրավում է եվրոպական էներգետիկ նախագծումներին, ապա ո՞րն է ԼՂ անվտանգության և իրավունքների եվրոպական երաշխիքը։ Շատ բարդ իրավիճակ է։ Հայաստանում և Արցախում քաղաքական խորհրդատվությունների անհրաժեշտություն կա։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի կարող տանել այդ բեռը և ահռելի պատասխաանտվության տակ մտնել։ Քառասունչորսօրյա պատերազմը մեզ մեծ կորուստներ է պատճառել, բայց չի խժռել բոլոր հնարավորությունները։ Մենք դատապարտված ենք գտնել կոնսենսուս և իրացնել Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և Արցախի հայկական ինքնությունը պահպանելու հնարավորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ