Օձի խայթոցից խուսափելու համար ինչ է անհրաժեշտ իմանալ

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:

Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից, եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ:

Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար: Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հե՛տ քաշվեք: Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքները և գոտիները, կապե՛ք կծած վերջույթը:

Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ