![]()
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տեղի ունեցան անկախ Հայաստանի երկու ամենաարյունալի իրադարձությունները՝ 1999 թ. ահաբեկչությունը ԱԺ-ում և 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած սպանությունները։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ութ զինված անձանցից կազմված խումբը նախկին լրագրող և ՀՅԴ նախկին անդամ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեց Ազգային ժողովի շենք և կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում կրակ բացեց պատգամավորների ուղղությամբ։ Հիմնական թիրախը վարչապետ Վազգեն Սարգսյանն էր։ Բացի նրանից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրի Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Նույնը օրը Գարեգին Բ-ն ընտրվեց Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս:
Չնայած մինչ այս էլ էին եղել քաղաքական սպանություններ, քչերը կարող էին պատկերացնել, որ ահաբեկիչները կարող են ազատորեն մուտք գործել ԱԺ շենք։ Սպանություններից հետո ահաբեկիչները հանդիպում պահանջեցին նախագահ Քոչարյանի հետ՝ քննարկելու ազգի ճակատագիրը, ինչպես նաև ուղիղ եթեր ազգային հեռուստատեսությամբ և ուղղաթիռ: Ականատեսների վկայություններով՝ խումբը ցանկանում էր «պատժել իշխանություններին՝ ազգի հետ այդպես վարվելու համար» և համոզված էր, որ «ժամանակն է ազատվել ժողովրդի արյունը ծծողներից»: Ըստ վկայությունների՝ Նաիրի Հունանյանը հույս ուներ, որ իրենց գործողությունները կարժանանան հանրային աջակցության, և երբ տարհանում էին լրագրողներին, նրանց հորդորում էր կոչ անել մարդկանց հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց: Հունանյանի ակնկալիքները, սակայն, չարդարացան, ԱԺ շենքի մոտ հավաքվեցին միայն պատանդված խորհրդարանականների հարազատները։
Հարձակման ընթացքում ողջ մնացածները մի քանի ժամ պատանդ մնալուց հետո ազատ արձակվեցին հաջորդ օրը՝ առավոտյան: Հարձակումից հետո առաջին հինգ ժամերի ընթացքում պաշտոնական աղբյուրները չէին հաստատում պետության ղեկավարների մահվան մասին լուրերը, երկիրը տեղեկատվական վակուումում էր: Սպանվածների մարմինները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան: Զինյալ խմբի անդամների հետ բանակցությունները շարունակվեցին մինչև առավոտ և ավարտվեցին նախագահ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպումով (հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չտարածվեց): Ահաբեկիչները հանձնվեցին և տեղափոխվեցին Ազգային անվտանգության ծառայության շենք, երբ երաշխավորություն ստացան, որ իրենցից ոչ մեկը մահապատժի չի ենթարկվի:
Հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման իրական սպառնալիք կար: Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում տիրող քաոսային իրավիճակից, զորքերի լայնածավալ տեղաշարժ սկսեց։ Սակայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազանգն ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևին չեզոքացրեց վտանգն ու կանխեց անցանկալի զարգացումները։
Ողբերգական իրադարձությունից երեք օր անց Քոչարյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ հարձակումն անվանելով հեղաշրջման փորձ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հարձակումից մեկ տարի առաջ հարկադրված էր եղել հրաժարական տալ, հանդես եկավ միասնության կոչով:
Ահաբեկչական այս հարձակման հետաքննությունը շարունակվեց շուրջ մեկ տարի, դատավարությունը սկսվեց 2001 թվականի հունվարին: Դատական լսումներից երեք տարի անց՝ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին, Նաիրի Հունանյանը և զինված խմբի մյուս հինգ անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա բանտարկության: Այս ընթացքում Նորայր Եղիազարյանին, որը խմբի անդամ էր, հայտնաբերեցին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի իր խցում, էլեկտրահարված, 2000 թվականին, երբ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ էր:
Չնայած պաշտոնական եզրակացությանը, թե հարձակումն ահաբեկչական գործողություն էր, որը նպատակ ուներ զավթել իշխանությունը, հանրության շրջանում խոր համոզմունք կար, որ հոկտեմբերի 27-ը ոչ թե հեղաշրջման փորձ էր, այլ կանխամտածված քաղաքական սպանություն: Դատավարությունը մեծ հաշվով չպարզեց՝ արդյոք խումբը միայնակ էր գործել, թե ինչ-որ ուժեր էին կանգնած հարձակման հետևում, կամ կամ որոնք էին հիմնական դրդապատճառները:
Դատարանի վճռից հետո մահացան խմբի անդամներից ևս երկուսը. Վռամ Գալստյանը, որը դատապարտված էր ցմահ ազատազրկման, 2004 թվականին ինքնասպանություն գործեց, Համլետ Ստեփանյանը 2010-ին մահացավ իր բանտախցում, անհայտ հանգամանքներում: Դատավարությանը հաջորդած տարիներին գործում ներգրավված վկաներից մի քանիսը ևս մահացան տարօրինակ հանգամանքներում: Ռոզա Հովհաննիսյանը, որը Ազգային ժողովի բուժքույրն էր և դատական գործով անցնում էր որպես առանցքային վկա, 2004 թվականին մահացավ ԱՄՆ-ում, ավտովթարից: Ազգային ժողովի արձանագրությունների բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանին 2004 թվականին խորհրդարանի շենքում հայտնաբերեցին կախված: Նախկին պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը կարճ ժամանակով կալանավորված էր հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում, նույնպես մահացավ ավտովթարից՝ 2004 թվականին, Ապարան-Երևան խճուղում:
2008-ի նախագահական ընտրությունները նշանավորեցին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյակի ավարտը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների շրջանի մեկնարկը։ Անցումը, սակայն, հարթ տեղի չունեցավ և ուղեկցվեց բողոքի ցույցերով, քաղաքացիների ու անվտանգության ուժերի միջև դաժան բախումներով և հիշվեց որպես անկախ Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հրաժարականից հետո լքել էր ակտիվ քաղաքականությունը, գրեթե տասնամյա լռությունից հետո առաջին հանրային ելույթն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը՝ սուր քննադատության ենթարկելով Քոչարյանի վարչակարգն ու այն անվանելով «հանցագործ ռեժիմ», որը հանդուրժում է համատարած կոռուպցիան երկրում։ Մեկ ամիս անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր թեկնածությունը կառաջադրի 2008 թ. նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը (որն այն ժամանակ վարչապետ էր) և Տեր-Պետրոսյանը գրանցված ինը թեկնածուներից երկու ակնհայտ առաջատարներն էին: Ընտրությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին, և Սարգսյանը հաղթող հայտարարվեց քվեների 52,8%-ով՝ զգալիորեն առաջ անցնելով Հայաստանի առաջին նախագահից, որը երկրորդ տեղում էր՝ քվեների 21,5%-ով: Տեր-Պետրոսյանն իշխանություններին մեղադրեց արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում՝ ներկայացնելով ընտրական գործընթացում խախտումների և վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստեր: Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ Տեր-Պետրոսյանն իրականում ստացել էր քվեների 30-35%-ը, ինչը ենթադրում էր ընտրությունների երկրորդ փուլ։
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Եվրոպական խորհրդարան) միջանկյալ զեկույցի համաձայն՝ ընտրությունն «անցկացվել է հիմնականում ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի պարտավորությունների և չափանիշների համաձայն»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրափակիչ զեկույցը, սակայն, ամրագրեց, որ ընտրությունների հաջորդ օրը նկատվել են լուրջ մարտահրավերներ, և որ «բավականաչափ ուշադրություն չի դարձվել ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ չափանիշներին, իսկ ընդհանուր ընտրական գործընթացն արժեզրկվել է»: Զեկույցը նաև նշում էր, որ «ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության ակնհայտ պակաս կա», և որ «քվեների հաշվարկը վեր է հանել հաշվետվողականության և թափանցիկության պակաս»:
Փետրվարի 21-ից սկսվեցին խաղաղ, շուրջօրյա բողոքի ցույցեր, որի մասնակիցները բոյկոտում էին ընտրության արդյունքները: Դրանք տեղի էին ունենում հիմնականում Երևանում, Ազատության հրապարակում և շարունակվեցին ինը օր անընդմեջ: Փետրվարի 27-ին Հայաստանի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել չարտոնված բողոքի ցույցերը՝ նշելով, որ մտադրված է պաշտպանել սահմանադրական կարգը: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը գրոհեցին Ազատության հրապարակը՝ խուզարկություն իրականացնելու պատրվակով, գործողությունը հիմնավորելով նրանով, որ տեղեկություններ են ստացել, թե ցուցարարները զինվում են՝ պատրաստվելով օրվա ընթացքում բռնի գործողություններ իրականացնել: Տարբեր տվյալներով՝ ոստիկանական այս գործողության հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել մոտ 30 մարդ: Չկարողանալով կրկին հավաքվել Ազատության հրապարակում՝ մարդիկ սկսեցին խմբել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի շրջակայքում։
Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը ագրեսիվ գործողությունների դիմեցին երեկոյան ժ. 9:30-ից: Մոտավորապես մեկ ժամ անց, Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, որի պայմաններում երկրում ցույցերն ու հանրահավաքներն արգելվում էին: Ապա նա անվտանգության ուժերին հրամայեց ցրել ցուցարարներին, ինչը հանգեցրեց ողբերգական զարգացումների, որոնց հետևանքով տասը մարդ զոհվեց (ութ քաղաքացիական անձ և ազգային անվտանգության երկու սպա), ավելի քան 300 մարդ վիրավորվեց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև այժմ 14 վճիռ է կայացրել մարտի 1-ի գործողությունների վերաբերյալ՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով ավելի քան 126.000 եվրո փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։
![]()