![]()
Հունիսի 3-ին տեղի ունեցած բախումներից հետո ընդդիմադիր շրջանակները, բնականաբար ոչ իրենց դեմքով սկսեցին շրջանառել մի թեզ, թե իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, քանի որ տապալեց այդ օրը նախատեսվող արտահերթ նիստը: Նույն աղբյուրներից հաջորդ օրերին սկսեցին դաշտ նետվել թեզեր առ այն, որ իրենք պատրաստ էին հետ գալ խորհրդարան, սակայն իշխանությունը որևէ պատասխան ազդակ չտվեց:
Բաց և փակ աղբյուրներից, ինչպես նաև վերլուծություններից պարզ է դառնում, որ իշխանությունն այս պահին իսկապես նպատակ չունի որևէ ազդակ կամ այսպես ասած նահանջի ճանապարհ կամ դեմք փրկող որևէ քայլ անել ընդդիմության համար:
Հրապարակում գտնվողների, հատկապես դաշնակցականների համար այս իրավիճակը բավականին խորթ է: Տարիներ շարունակ, հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում նրանք մի քանի անգամ փորձարկել էին այս մոդելը՝ դուրս էին եկել ցույցերի, այնուհետ իրենց ընդդիմադիրությունը վաճառել էին Սերժ Սարգսյանին ՝ ընդհուպ մինչև կոալիցիոն պորտֆելների տեսքով:
Ինչու էր Սերժ Սարգսյանը տրվում այդ խաղին, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ:
Պատասխանը շատ պարզ է: Սերժ Սարգսյանի իշխանության հենարանը քաղաքական և տնտեսական վերնախավերն էին: Հետևաբար ինչքան շատ խմբեր այդ վերնախավից Սարգսյանը քաշեր իր կողմ, այդքան ամուր կլիներ իր իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի կառուցում վերնախավերի համախմբան վրա: Ավելին հեղափոխությունն ինքնին, նույնիսկ 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, շարունակում է մնալ հակա կամ կոնտռ վերնախավային: Հետևաբար անիմաստ է հուսալ, որ Փաշինյանին հնարավոր կլինի քաղաքական առևտրի հրավիրել: Առավել ևս, որ ներկա գործընթացը հանգուցալուծելու որևէ մոտիվացիա իշխանությունը չունի, ոչինչ չի կորցնում, ավելին ընդդիմության ռեսուրսների սպառման վրա նույնիսկ շահում է:
Եվս մեկ մտայնություն կա առ այն, որ իշխանությունը պետք է փրկի ընդդիմության դեմքը, որ սուրբ տեղը դատարկ չթողնի ու որ չդրդրի ընդդիմությանը իրավիճակից դուրս գալ ռադիկալ քայլերով: Այս մտայնությունները իսկապես ունեն գոյության իրավունք:
Իսկապես, եթե այս ընդդիմությունը վարկաբեկվում է, Հայաստանում այլ ուժ հիմա չկա որ կկարողանա արագ լրացնել այդ տեղը: Ու սա կարծես թե բավական դժվար լուծելի խնդիր է: Բավական իրատեսական են նաև պնդումները, թե թակարդում հայտնված ընդդիմությունը ստիպված է լինելու իրավիճակից դուրս գալ ռադիկալ քայլերով:
Մյուս կողմից, սակայն, իրավիճակի լիցքաթափումը այս պահին կրելու է կարճաժամկետ նշանակություն: Ընդդիմությունը խորքային առումով չի պատրաստվում ընդունել այս իշխանությունների լեգիտիմությոըւնը ու աշխատել ինստիտիուցիոնալության շրջանակներում: Նահանջի ճամփա տալ մարդկանց, ովքեր սակարկման ազդակներ չստանալով հիմա էլ շանտաժով են զբաղված, ու որոնք որևէ հույս չեն ներշնչում վերափոխման, իհարկե հղի է ռիսկերով, բայց ռիսկերով ոչ պակաս հղի է նաև նրանց դեմքը փրկելն ու հետ խորհրդարան բերելը:
Ընդհանուր առմամբ, եթե մի կողմ թողնենք հնարավոր ռիսկերի մասին գնահատականները, ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում երկխոսության հնարավորությունները գրեթե սպառված են: Ընդդիմությունը սխալ հաշվարկի բերումով այնքան է ռադիկալիզացրել իր հռետորաբանությունը, որ կամ պետք է ամեն գնով հաջողի կամ ունենա ռեյտինգային այնպիսի կորուստներ, որոնք կարող են բերել նրա ջախջախմանը:
Աղբյուրը՝ Բաղրամյան 26
![]()