«Կապրենք, կտեսնենք». արդյոք կսկսվի՞ Իշխան Սաղթելյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց

Հունիսի 3-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելուց հետո, երբ քաղաքացիները քարերով, մետաղյա իրերով հարվածում էին ոստիկաններին, և ընդդիմության լիդերները հասկացան, որ քրեական օրենսգրքով պատասխանատվության են ենթարկվելու, ամեն կերպ փորձելու են խույս տալ դրանից, որքան էլ հայտարարում են, թե պատրաստ են պատասխանատվություն կրել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Պռոշյան-Դեմիրճյան հատվածում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ նշում է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 3-ի դեպքերը որակել է որպես զանգվածային անկարգություն և հստակեցրել՝ հավաքի պահին «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով: Հարցադրմանը՝ Քննչական կոմիտեի այս հաղորդագրությունը և ընդդիմադիր լիդերներից Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է բոլոր գործողությունների համար, արդյոք կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ, օրինակ, դատախազությունը Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսի, պատգամավորը կարճ է պատասխանում՝ կապրենք, կտեսնենք:

Անդրադառնալով Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է, ինչ երազում էր սադրանքների մասին, այդ պատճառով էլ հունիսի 3-ին տեղի ունեցան այդ դեպքերը, Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ իշխանություններն այս ընթացքում ո՛չ գնացել են սադրանքների, ո՛չ էլ կգնան. այդ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը և մյուս ընդդիմադիրներ առաջնորդներն են ցանկանում՝ սադրանքներ լինեն:

«Նրանք երազում են, որ սադրանք լինի, իրենք էլ այդ 1700 մարդուն ասեն, թե ինչու չկարողացան անել այն, ինչ խոստացել էին: Ընդդիմության հավաքների մասնակիցների թիվը գնալով պակասում է, Սաղաթելյանն էլ ինչ-որ կերպ պետք է հիմնավորի, թե ինչու մարեցին ակցիաները: Հետևաբար, ընդդիմությանը կօգնեն սադրանքները: Մարդկանց քանակի նվազմանը զուգընթաց չեմ բացառում, որ ընդդիմության քայլերում ավելանան հակաօրինական գործողությունները: Սակայն ՀՀ ոստիկանությունը չի տրվում սադրանքների, որքան էլ ընդդիմությունը դրան ամեն օր դրդում է»,- ասում է նա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ հունիսի 3-ին ոստիկանությունը բավականին մեղմ է եղել ընդդիմադիրների նկատմամբ. «Այլ երկրներում այսպիսի դեպքերին իրավապահ համակարգն արձագանքում է մի քանի անգամ ավելի բիրտ: Ըստ էության՝ մեր ոստիկանությունը փափուկ է վերաբերվում ընդդիմության գործողություններին, սակայն կարողանում է նաև ամբողջովին վերահսկել իրավիճակը»:

Վերջինիս խոսքով՝ հունիսի 3-ի դեպքերի բոլոր կազմակերպիչները ու մասնակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության: «1000 հոգին չի կարող 3 միլիոն մարդու բան պարտադրել: Ես հավատում եմ, որ մենք հասել ենք այն փուլին, երբ կտեսնենք անկարգության հեղինակներին ճաղերի հետևում»,- նշում է պատգամավորը:

Վերջինիս, արձագանքելով նաև Սաղաթելյանի՝ «Ժողովուրդը փաստեց, որ խորհրդարան չկա, Կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է» հայտարարությանը՝ նկատում է՝ ՀՀ-ն չպետք է անընդհատ մտնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ. «Բայց եթե մենք եսասեր լինեինք և կրկին արտահերթ ընտրություններ անցկացնեինք, կարձանագրեինք, որ «Հայաստան» դաշինքի «քոքն արդեն մաշվել է», և լավագույն դեպքում նրանք մի քանի պատգամավորի ներգրավվածություն կունենային խորհրդարանում:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ