![]()
Վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ հայտ պիտի ներկայացվի մեկ առարկայից:
Ըստ փոխնախարարի՝ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված և էական չէ, թե որ առարկան կնշվի էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներին:
«Ինչպես սահմանված է կարգով, ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումն անցկացվելու է գրավոր եղանակով՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող մանկավարժական բուհերում՝ մասնագիտական հանձնաժողովների կողմից:
Բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին:
Առաջադրանքները խստիվ համապատասխանելու են տվյալ առարկայի ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձված առաջադրանքների ծավալի և հատկացվող ժամանակի հարաբերակցությանը»,-ասվում է գրառման մեջ:
![]()
![]()