«Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ցանկացած մարդ կոչվում է թուրք».Մուշեղ Խուդավերդյան

Թուրքիան դիմել է ՄԱԿ-ին՝ իր անվանումը Թյուրքիյե(Türkiye) փոխելու համար, և ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի պահանջը: Այսուհետև Թուրքիան ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում կներկայացվի այդ անվամբ: Նախաձեռնության հեղինակը Թուրքիայի նախագահ Էրդողանն է, ով հայտարարել էր, որ Թյուրքիյե անվանումը հնարավորինս ճշգրիտ է արտահայտում թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունն ու արժեքները:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ անվանափոխության պատճառը մասամբ նաև անգլերեն turkey (հնդկահավ) բառն է, և այդ մասին գրել է անգամ միջազգային մամուլը։
«Օսմանյան կայսրությունում թուրք տերմինը ծագել է 19-րդ դարում: Դրանով բնորոշել են սկզբից գյուղացիությանը, բայց հետո, երբ պարզ դարձավ, որ տեղացի գյուղական բնակչությունը կողմ է տեղական իշխանությանը, թուրք բառը ստացավ դրական իմաստ և կամաց-կամաց տարածվեց օսմանյան կայսրությունում: Մինչև 19-րդ դարը եղել է Օսմանյան կայսրություն, ոչ թե Թուրքիա: Իսկ թուրք տերմինը ամրագրել է Մուստաֆա Քեմալը»,-ասաց Խուդավերդյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ցանկացած մարդ կոչվում է թուրք, այսինքն՝ ազգային փոքրամասնություն որպես այդպիսին, Թուրքիայում չկա: Բացառություն են կազմում կրոնական փոքրամասնությունները, որոնք հիմնականում հայերը, հրեաներն ու հույներն են:
Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ ցանկացած տեսակետ էլ քննարկման ենթակա է, բայց դիտարկել անվանափոխությունը պանթուրքական տրամադրությունների տարածման ֆոնին և տալ դրան քաղաքագիտական մեկնաբանություն, այնքան էլ տեղին չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ