![]()
Քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, որ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը «մինչև քոքը մաշվել փողոցում»: Օգտագործում են այն ձևակերպումը, որը կիրառել էր խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի առաջնորդներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում փողոցում, իսկապես այլ բան չէ, քան ընդդիմության մաշվելու գործընթաց: Իհարկե քաղաքականության չափման ելակետերը միայն առերևույթ զարգացումները չեն, առավել ևս, որ հայաստանյան քաղաքականության դեպքում ահռելի նշանակություն ունեն նաև արտաքին իրողությունները, հետևաբար դրանք իրենց մեծ անկանխատեսելիության ու անորոշության պարագայում նույնպիսի «հատկանիշ» են հաղորդում նաև Հայաստանի ներքին վիճակին: Այստեղ առանցքային հարցն այլ է, թե Հայաստանում ինչ գործընթաց կամ գործընթացներ են ծավալվում ներքաղաքական «փոխադարձ» մաշոցիին զուգահեռ:
Բանն այն է, որ՝ ով ում էլ մաշի, միևնույն է, առավել արդիական ու հրատապ է լինելու նորի հարցը: Երբ որևէ հագուստ մաշվում է, կամ կոշիկ, մաշվածության աստիճանի խորացումը իր հետ բերում է նորի անհրաժեշտության սրացման: Իհարկե ընթերցողից ներողություն եմ խնդրում այդ պարզ կենցաղային համեմատության համար, բայց Հայաստանի համար հավասարապես անմխիթար է՝ ընդդիմություն կմաշվի, թե՞ իշխանություն, քանի որ Հայաստանին այսօր քաղաքականության մեջ անհրաժեշտ է նորը: Երբ այն չկա, որևէ մի սուբյեկտի կամ բևեռի մաշվածությունը առաջացնելու է վակուում: Իսկ անկանխատեսելի և անորոշ համաշխարհային իրադրության պայմաններում որևէ կերպ հնարավոր չէ կանխատեսել, թե արտաքին իրողություններից զգալիորեն կախված ներքաղաքական իրադրության վակուումները ինչո՞վ կլցվեն, և ո՞վ կլցնի: Հետևաբար, այդ իմաստով առաջանում է մեկ այլ հարց, արդեն այդ արդիական հրամայականից բխող:
Իշխանությունը չի խանգարում խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգին մաշվել, դրանով իսկ իհարկե չխանգարելով, որ այդ գործընթացի մեջ հայտնված ընդդիմությունը օգնի իշխանությանը: Բայց, իսկ ի՞նչ է անում քաղաքական մեծամասնությունն այդ նորի ձևավորմանը օգտակար լինելու համար՝ նոր քաղաքականության, նոր որակի, որպեսզի Հայաստանում չառաջանա քաղաքական վակուում և այն չլցնեն Հայաստանից դուրս գործող սուբյեկտներ, կողմնացույցի սլաքի որ ուղղությամբ էլ լինեն դրանք: Իհարկե, բոլորովին հեռու եմ մտքից, թե իշխանությունը պետք է նպաստի նոր ընդդիմության ձևավորմանը: Ավելին, իշխանությունը որևէ կերպ չպետք է ստանձնի այդպիսի պատասխանատվություն կամ նպատակադրում:
Քաղաքական մեծամասնությունը պետք է նպաստի քաղաքական նոր մտքի ձևավորմանը, նոր բովանդակության, որը հրապարակ կբերի ոչ թե այս կամ այն ուժի, այդ թվում քաղաքական իշխանության գործունեության գնահատականներ՝ դրանք պետք է տան, դրանով պետք է զբաղվեն քաղաքական ուժերը, հասարակական-քաղաքական տարբեր սուբյեկտները, այլ հրապարակ կիջեցնի Հայաստանի զարգացմանը, արտաքին ռազմա-քաղաքական, տնտեսական, անվտանգության հեռանկարներին վերաբերող օրակարգի բովանդակային առաջարկներ: Ընդ որում, առաջարկներ, որոնք կարող են պարունակել նաև Հայաստանի սահմանից դուրս՝ թե ռեգիոնում, թե դրանից ավելի լայն շրջանագծով գտնվող ուժային կենտրոնների, ուղեղային կենտրոնների գործնական հետաքրքրություն առաջացնելու ներուժ պարունակող առաջարկներ: Քաղաքական մեծամասնությունը պետք է մտածի այդ գործընթացը խթանելու գործիքակազմի մասին, և, եթե ներքաղաքական իրողությունները «թելադրում» են խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի մաշվելուն չխանգարելու վարքագիծ, ապա պետական հրամայականները թելադրում են Հայաստանում քաղաքական մտքի ձևավորման գործընթացի ինստիտուցիոնալ զարգացմանն ու որակական աստիճանի աճին նպաստելու հրամայական, այդ թվում նաև պետական ներդրումներով:
![]()