Տեսնելով, որ մինչև «քոքը մաշվում» են, այսօր անցան զանգվածային անկարգությունների կազմակերպման…

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ժամեր առաջ Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կատարվածի պատասխանատուն միայն հավաքների կազմակերպիչներն են:

«Իրեն ընդդիմադիր հռչակած ագրեսիվ զանգվածը այսօր իրապես անցավ բոլոր կարմիր գծերը՝ ոստիկանների վրա քարեր ու այլ ծանր առարկաներ նետելով, որի հետևանքով, ըստ տարածվող տեղեկությունների, մի քանի տասնյակ ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իշխանատենչությամբ տարված, սակայն ժողովրդի կողմից համատարած արհամարհանքի արժանացած խմբակը, տեսնելով, որ իրենց ստերին մարդիկ չեն հավատում, և արագ տեմպերով մինչև «քոքը մաշվում» են, այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման՝ բռնություն կիրառելով ոստիկանների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն այդ հավաքների կազմակերպիչներն են»,- գրել է Պապոյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության այսօր հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:

Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:

Վերջին տվյալների համաձայն՝ բախումների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 50 անձ, նրանց կեսից ավելին ոստիկաններ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ