Փրկիչները կանխեցին բախումներ, հո չեն ասելու գնում ենք ԱԺ աշխատավարձ, արձակուրդային ու պարգևավճար ստանալու. Դանիելյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցած բախմանն ու «Ֆեյսբուքի» իր էջում գրել.

«Երբ սկսվեցին բողոքի ակցիաները, գրեցի մի հրապարակում (13 մայիսի Ֆեյսբուք սոց.կայք), այն մասին, թե ինչ է մնալու փրկիչների ձախողումից հետո: Այսօրը նկարագրածս իրադարձությունների մասին էր:

Երբ չհաջողեցին, սկսեցին հրահրել բախումներ, որ ասեն «դե գիտեք բախումներ եղան, մենք էլ մեծահոգաբար արյունահեղությունից խուսափելու համար գնում ենք ԱԺ աշխատելու»: Եվ դա, լինենք ազնիվ, գեղեցիկ ձևով փողոցից հեռանալու կամ ԱԺ վերադառնալու լավագույն տարբերակն է: Հո՜ւմ-հո՜ւմ-հումանիզմ: Փրկիչները կանխեցին բախումներ, հո չեն ասելու՝ գնում ենք ԱԺ աշխատավարձ, արձակուրդային ու պարգևավճար ստանալու:

Իսկ ժողովրդին կմնա բանտերում կաշառքի գործարքի մեջ ներքաշված գաղափարական երիտասարդներ, ծերերին ծեծած մոլորյալներ, հիասթափված ծերեր, աշխատանքը թերի կատարած կամ չկատարած դասախոսներ, 1 աշակերտով սահմանամերձ դպրոցներ, փլատակ գործարաններ, ներքին թշնամանք և այլն….

Հ. Գ. Շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության այսօր հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:

Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ