![]()
Շիրակի մարզի Փանիկ համայնքում ուժեղ քամին պոկել է դպրոցի նորակառույց մարզադահլիճի տանիքը: Գրեթե ամբողջությամբ վայրկյանների ընթացքում վեր է հանել այն և նետել մի կողմ:
Փանիկի վարչական ղեկավար Գևորգ Շախնազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում կարճ ձևակերպում է. «Պտտահողմ էր, էպիկենտրոնն էլ էդտեղ էր հենց»:
Ամբողջական պոկված տանիքը քամին 100-150 մետր շպրտել է, կտրվել են հոսանքի լարերը, կոտրվել հարակից տների ցանկապատերը, վնասվել գիշերային լուսավորության համակարգը:
Այսօր արդեն պոկված տանիքի հետևանքները վերացված են, սակայն, թե ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը 3 տարի առաջ շահագործված մարզադահլիճն այդ վիճակում է հայտնվել, քննարկման առարկա է:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ աշխատանքներն իրականացվել են Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Ե՛վ աշխատանքի կազմակերպումն են իրենք իրականացրել, և՛ հսկողությունը:
Այս պահին հանձնարարվել է խնդրին ժամանակավոր լուծում տալ: «Մոտ 250 քմ մակերեսի մասին է խոսքը, բայց թե ի՞նչ ծավալի աշխատանք է նախատեսվում, մինչև չուսումնասիրենք, հնարավոր չէ ասել: Նոր հանձնված կառույց էր, տեսնենք՝ ի՞նչն է խնդիրը, ըստ այդմ էլ կշարժվենք: Նախագիծ է երևի պետք կազմել»,- նշում է Խնձրցյանը:
Ժամանակավոր լուծում ասվածը, ըստ Փանիկի վարչական ղեկավարի, պոլիէթիլենով ծածկելն է, որպեսզի անձրևաջրերը չլցվեն ներս: Շախնազարյանը նկատում է՝ շենքը տիպային նոր կառույց է, չեն ուզում՝ վնասվի:
Տանիքի վերականգնման աշխատանք համայնքը չի նախաձեռնի: Վարչական ղեկավարն ասում է՝ Շիրակի մարզպետարանում խնդրի մասին տեղյակ են, հիմա վնասի մոտավոր չափն են որոշում: Հենց որոշեն, թիվը կներկայացնեն համապատասխան օղակին՝ հետագա քայլերը հստակեցնելու համար: Իսկ մինչ այդ հույս ունեն, որ վարար անձրևներ չեն լինի, իրենց գտած ժամանակավոր լուծումն էլ կարդարացնի:
Տանիքի բացակայությունը աշակերտների համար խնդիրներ չի առաջացնի. դասերն ավարտվում են: Շախնազարյանի խոսքով՝ նույն շենքում գործող հանդիսությունների դահլիճի միջոցառումների ժամանակ գուցե լինեն որոշ հարցեր, իսկ առջևում Վերջին զանգն է, որն անցկացվելու է այդ տարածքում:
![]()
![]()
![]()
![]()