Բոլորիդ մաղթում եմ լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա մեր անվտանգ ու բարգավաճող հայրենիքում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ ամենալուսավոր ու պայծառ այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Գաղտնիք չէ, որ բոլոր երեխաները սիրո ու ջերմության աղբյուր են և նրանց համար խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ապահովելը մեր բոլորի առաջնային պարտավորությունն է:

Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից:

Բազմիցս եմ ասել, որ երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են և այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նրանց ժառանգել ինքնիշխան, անկախ, զարգացող, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք:

Տոնական այս օրը ուզում եմ ևս մեկ անգամ գլուխ խոնարհել բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության:

Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ: Մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նահատակված մեր հերոսների բալիկների կողքին լինել, ամենօրյա հոգածություն ու ուշադրություն նվիրել նրանց:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա մեր անվտանգ ու բարգավաճող հայրենիքում: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս», — նշված է ուղերձում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ