![]()
Ըդդիմությունը գտնվում է շատ ծանր կացության մեջ։ Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մինևնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ ընդդիմադիրները մանդատները վայր չեն դնում, որ դուրս են եկել փողոց՝ պայքարի։
«Ժողովուրդն իրենց քվե է տվել, որ իրենք փողոցում լինե՞ն, բա ինչո՞ւ գործի չեն գալիս։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետը և այսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր հենց իրենք ունեն, որովհետև իրենց 21 տոկոս քվե տված ժողովրդի նույնիսկ 2 տոկոսն իրենց չի աջակցում, փողոց դուրս չի գալիս։ Սա վերածվել է մարդկանց նեռվայինացնելու, խցանումներ ստեղծելու մանյայի», — ասաց ԱԺ նախագահը։
Նա նաև նշեց, թե ընդդիմությունը գտնվում է շատ ծանր կացության մեջ.
«Կներեք արտահայտությանս համար, իրենք մնացել են իրենց պրյոմի տակ», — ասաց Ազգային ժողովի նախագահը։
Լրագրողի հարցին, թե իշխանությունը կօգնի՞ ընդդիմադիրներին այդ ծանր վիճակից դուրս գալ, թե՞ ոչ՝ Սիմոնյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ կօգնի։ Հակառակը, մենք իրենց թույլ ենք տալու, որ իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները»։
Սիմոնյանը ժողովրդից ներողություն խնդրեց այն բանի համար, որ ընդդիմության գործողությունների հետևանքով խցանումների ականատես են լինում։
Լրագրողի դիտարկմանը, թե չե՞ն պատրաստվում ժողովրդից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ այս իշխանությունը բերել է հայ ժողովրդի գլխին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Դրա համար մենք վաղուց ներողություն խնդրել ենք և գնացել ենք ընտրությունների ընդամենը 8 ամիս առաջ և ժողովրդի դատին ենք հանձնվել։ Այն իշխանությունը, որ ժողովուրդը 2018-ին տվել է մեզ, մենք վերադարձրել ենք ժողովրդին, և ժողովուրդը նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել»։
![]()