Պատերազմի մասնակից տղան օգնության կարիք ունի. Սոցապ նախարարությունը փորձում է հասկանալ՝ ինչպես կարող է օգնել

44-օրյա պատերազմի մասնակից, նախկին ժամկետային զինծառայող 21-ամյա Սասուն Բաղդասարյանն օգնության կարիք ունի։ Սասունն իր պապիկի ու տատիկի հետ ապրել է Արցախի Հադրութ քաղաքում, սակայն պատերազմի հետեւանքով կորցրել է ինչպես տունը, այնպես էլ՝ իրեն պահած ու մեծացրած պապիկին:

«Ծնողներս ամուսնալուծված են, ինձ պապիկս է պահել: Ժամկետային զինծառայող էի, երբ պատերազմը սկսվեց, պապիկս էլ, լսելով պատերազմի մասին, նույնը օրը կամավորագրվել էր: Զոհվել է սնայպերի կրակոցից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Սասունը:

Սասունի Բաղդասարյանի պապիկը՝ 72-ամյա Վալերի Վարդանյանը, որպես կամավորական կռվել է Հադրութում: Թոռան խոսքով՝ չնայած տարբեր մարդկանց կոչ-հորդորներին, որ հեռանա, պապը չի գնացել, ասում է՝ իր պատճառով էր մնացել: «Կորոնավիրուսի պատճառով զորամասերում տեսակցություններն արգելված էին, պապիկիս պատերազմից մեկ տարի առաջ էի տեսել վերջին անգամ: Ինքն էլ, մեր ամբողջ հիշողություններն էլ մնացին Հադրութում»,- ցույց տալով պապից մնացած միակ լուսանկարը՝ ասում է Սասունը:

Վերջինս ժամկետային ծառայությունն անցկացրել է Ջաբրայիլում: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, բեկորային վնասվածքներ ստացել գլխի հատվածում եւ մեկ գնդակային հարված էլ՝ ոտքից: Ասում է՝ հոսպիտալում կարճատեւ բուժումից հետո պահանջել է, որ իրեն դուրս գրեն եւ թույլ տան միանալ զինակից ընկերներին. «Ես ինձ պերեվասկաներն էին անում, ոտքիս վերքը մշակում, շուտ լավացա: Մինչեւ վերջ կռվել ենք, շրջափակումից հետո դուրս ենք եկել»:

Այժմ Սասունը տարեց տատիկի հետ է ապրում, որն էլ իր խնամքի կարիքն ունի. Երեւանում վարձով են բնակվում: Տղան չնայած աշխատում է, բայց ստացած աշխատավարձը միայն բնակարանի վարձավճարին է բավականացնում: Ծանր կացության մեջ են։

Ասում է՝ եթե պետությունը թեկուզ ժամանակավոր կացարան տրամադրի, ապրեն, հետագայում կկարողանա իր հարցերը լուծել:

Սասուն Բաղդասարյանի սոցիալական խնդրի ու խնդրանքի մասին արդեն տեղյակ են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: ԱՍՀ նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել են միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ), տղայի տվյալներն են պահանջել, որպեսզի հասկանան՝ ինչպես կարող են օգտակար լինել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ