![]()
Արթուր Վանեցյանի՝ փողոցային պայքար սկսելուց և նրա որդի Արտյոմ Վանեցյանի՝ այդ պայքարին մասնակցելուց հետո մամուլում պարբերաբար նյութեր հրապարակվեցին, որ վերջինս չի ծառայել զինված ուժերում, սակայն Երևանի փողոցներում մասնակցում է Արցախը փրկելու ակցիաներին։
Արթուր Վանեցյանը, անդրադառնալով սրան, նշեց, որ որդին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով։ Լրատվամիջոցների հետ զրույցներից մեկի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ որդին ազատվել է որոշակի առողջական խնդիրներից ելնելով, որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել: «Բազմաթիվ ՀԿ-ներ և պաշտոնյաներ կան, թող որևէ մեկը դիմի, գնան իրար հետ նոր բժշկական հետազոտություն անցկացնեն: Եթե կգտնեն, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, ու ինքը չի ծառայել, այդ ժամանակ նոր կարող են խոսել այն մասին, որ խուսափել է: Երբ բժշկական եզրակացությունը եղել է, որ ինքը պետք է ազատվի, որդիս, առանց ինձ հետ խորհրդակցելու, նամակով դիմել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ասել է, որ բժշկական հետազոտության արդյունքների հետ համաձայն չեմ, խնդրում եմ կրկնակի հետազոտություն: Կրկնակի բժշկական հետազոտություն է անցկացվել, որից հետո կրկին մերժվել է բանակ զորակոչումը»,- նշեց Վանեցյանը:
Տեղեկություններ կան, որ Արտյոմ Վանեցյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գլխի չարորակ ուռուցք ունենալու պատրվակով։ Պաշտպանության նախարարությունը, սակայն, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ Վանեցյանի որդին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով՝ հրաժարվելով այլ մանրամասներ տրամադրել:
![]()